ՆԵԵՄԻԱ 3:1-32

ՆԵԵՄԻԱ 3:1-32 ՆՎԱԱ

Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։ Եվ նրա մոտ շինեցին Երիքովի մարդիկ, իսկ նրա մոտ շինեց Իմրիի որդի Զաքուրը։ Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։ Նրանց մոտ նորոգեց Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը. նրանց մոտ նորոգեց Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը. նրանց մոտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։ Եվ նրանց մոտ նորոգեցին թեկուացիները, բայց նրանց երևելիները վիզ չթեքեցին իրենց Տիրոջ ծառայությանը։ Հին դուռը նորոգեցին Փասեի որդի Հովիադան և Բոսոդիայի որդի Մեսուղամը. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։ Նրանց մոտ նորոգեցին գաբավոնացի Մելատիան և մերոնաթացի Հադոնը և Գաբավոնի ու Մասփայի մարդիկ մինչև Գետի այս կողմի իշխանի աթոռը։ Նրա մոտ նորոգեց ոսկերիչներից Հարհայիայի որդի Ոզիելը, իսկ նրա մոտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, և Երուսաղեմը բաց թողեցին մինչև լայն պարիսպը։ Եվ նրանց մոտ նորոգեց Ովրի որդի Հռափայիան՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը։ Նրանց մոտ նորոգեց Հարումափի որդի Հեդայիան, նաև իր տան դիմացը, իսկ նրա մոտ նորոգեց Ասուբանիայի որդի Քետտուսը։ Մյուս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան և Փաաթ-Մովաբի որդի Ասուբը, նաև Փուռերի աշտարակը։ Նրա մոտ նորոգեցին Ալոեսի որդի Սեղղումը՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը, ինքը և իր դուստրերը։ Ձորի դուռը նորոգեցին Անոնը և Զանովի բնակիչները. նրանք շինեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը, նաև պարսպից հազար կանգուն մինչև Աղբի դուռը։ Իսկ Աղբի դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. նա շինեց այն և դրեց նրա դռները, փականքները և նիգերը։ Աղբյուրի դուռը նորոգեց Մասփայի բաժնի իշխան Քոլոզեի որդի Սեղղունը. նա շինեց այն և ծածկեց ու դրեց նրա դռները, փականքները և նիգերը, նաև Սիլովայի ավազանի պարիսպը թագավորի պարտեզի մոտից մինչև Դավթի քաղաքից իջնող աստիճանները։ Նրանից հետո նորոգեց Աղբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի կես բաժնի իշխանը, մինչև Դավթի գերեզմանների դիմացը և մինչև շինված ջրմուղը և մինչև Հսկաների տունը։ Նրանից հետո նորոգեցին ղևտացիները՝ Բանիի որդի Հռեումը, նրա մոտ նորոգեց Կեիլայի կես բաժնի իշխանը՝ Ասափիան՝ իր բաժնի չափ։ Նրանից հետո նորոգեցին նրա եղբայրները՝ Ենադադի որդի Բավային՝ Կեիլայի կես բաժնի իշխանը։ Նրա մոտ Հեսուի Եզերը՝ Մասփայի իշխանը, նորոգեց մյուս մասը՝ զինարան գնալու ճանապարհի դիմացը, անկյունում։ Նրանից հետո Զաբբայի որդի Բարուքը փութով նորոգեց մյուս մասը՝ անկյունից մինչև մեծ քահանա Եղիասիբի տան մուտքը։ Նրանից հետո Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը նորոգեց մյուս մասը՝ Եղիասիբի տան մուտքից մինչև Եղիասիբի տան վերջը։ Նրանից հետո նորոգեցին քահանաները՝ դաշտի բնակիչները։ Նրանից հետո իրենց տների առաջը նորոգեցին Բենիամինը և Ասուբը. նրանից հետո Անանիայի որդի Մաասիայի որդի Ազարիան նորոգեց իր տան մոտերքը։ Մյուս մասը՝ Ազարիայի տնից մինչև անկյունը և շրջադարձը, նորոգեց Ենադադի որդի Բանուին։ Ոզայի որդի Փաղաղը՝ անկյունի և աշտարակի դիմացը, որ թագավորի վերին տանից դուրս է գալիս բանտի գավթի մոտ. նրանից հետո՝ Փարոսի որդի Փադայիան։ Եվ նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում, նորոգեցին մինչև Ջրի դռան դիմացը դեպի արևելք և դուրս եկած աշտարակը։ Նրանից հետո թեկուացիները նորոգեցին մյուս մասը՝ դուրս եկած Մեծ աշտարակի դիմացը՝ մինչև Ոփաղի պարիսպը։ Ձիերի դռնից վեր նորոգեցին քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։ Նրանից հետո իր տան դիմացը նորոգեց Եմմերի որդի Սադովկը, իսկ նրանից հետո նորոգեց Սեքենիայի որդի Սեմայիան՝ արևելյան դռան պահապանը։ Նրանից հետո մյուս մասը նորոգեցին Սեղեմիայի որդի Անանիան և Սեղեփի վեցերորդ որդի Անոնը. նրանից հետո իր սենյակի դիմացը նորոգեց Բարաքիայի որդի Մեսուղամը։ Նրանից հետո ոսկերչի որդի Մեղքիան նորոգեց մինչև նաթանայիմների և վաճառականների տունը, մինչև Մափկաթի դռան դիմացը և մինչև անկյունի վերնատունը։ Իսկ անկյունի վերնատան ու Ոչխարաց դռան մեջտեղը նորոգեցին ոսկերիչները և վաճառականները։