ՆԵԵՄԻԱ 2:11-20

ՆԵԵՄԻԱ 2:11-20 ՆՎԱԱ

Ես եկա Երուսաղեմ և երեք օր այնտեղ մնացի։ Եվ ես վեր կացա գիշերը, և փոքրաթիվ մարդիկ՝ ինձ հետ, և ոչ մեկի չպատմեցի, թե իմ Աստվածն ինչ է դրել իմ սրտում, որ Երուսաղեմի համար անեմ. և ոչ մի անասուն չկար ինձ հետ, բացի նրանից, որին հեծել էի։ Եվ ես Ձորի դռնով դուրս եկա գիշերով և գնացի դեպի Վիշապի աղբյուրը և Աղբի դուռը և զննեցի Երուսաղեմի քանդված պարիսպները և կրակից այրված նրա դռները։ Եվ անցա Աղբյուրի դուռը և Թագավորի ավազանը, և տակիս անասունի համար տեղ չկար անցնելու։ Գիշերը վեր գնացի հեղեղատով և զննեցի պարիսպը, հետ դարձա ու մտա Ձորի դռնով և վերադարձա։ Զորականները չիմացան, թե ուր գնացի և թե ինչ եմ անում. հրեաներին ու քահանաներին և ազնվականներին ու զորականներին և գործը կատարող մյուսներին մինչև այն ժամանակ ոչինչ չէի ասել։ Եվ ես նրանց ասացի. «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմն ավերակ, իսկ նրա դռները կրակից այրված են. եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որ այլևս նախատելի չլինենք»։ Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծու ձեռքն ինձ վրա բարեհաջող է, և մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր. և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»։ Եվ իրենց ձեռքերը զորացրին այս բարի գործի համար։ Եվ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան և արաբացի Գեսամը, այս լսելով, մեզ ծաղրեցին ու արհամարհեցին և ասացին. «Սա ի՞նչ բան է, որ անում եք, մի՞թե ապստամբում եք թագավորի դեմ»։ Բայց ես նրանց պատասխան տվեցի և ասացի. «Երկնքի Աստվածն ինքը մեզ հաջողություն է տալու, և մենք՝ նրա ծառաներս, վեր ենք կենալու, որ շինենք, իսկ դուք բաժին, իրավունք և հիշատակ չունեք Երուսաղեմում»։

ՆԵԵՄԻԱ 2:11-20 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր