ՆԵԵՄԻԱ 2
2
Նեեմիան գնում է Երուսաղեմ
1Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։ 2Եվ թագավորն ասաց ինձ. «Ինչո՞ւ է դեմքդ տրտում, քանի որ դու հիվանդ չես. դա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ». ես խիստ վախեցա 3և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։ 4Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո ուզածը»։ Եվ ես աղոթեցի երկնքի Աստծուն։ 5Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկի՛ր Հրեաստան՝ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն»։ 6Եվ ինձ ասաց թագավորը (իսկ թագուհին նստել էր նրա կողքին). «Մինչև ե՞րբ կտևի քո գնալը, և ե՞րբ կվերադառնաս»։ Եվ հաճելի եղավ թագավորին, որ ինձ ուղարկի, և ես նրան հայտնեցի ժամանակը։ 7Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ Գետի այն կողմի իշխաններին ուղղված նամակներ տրվեն, որպեսզի ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան։ 8Մի նամակ էլ թագավորական պարտեզի վերակացու Ասափին, որ ինձ փայտ տա Աստծու տան աշտարակի դռները և քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար և այն տան համար, ուր որ ես պիտի գնամ». և թագավորը տվեց ինձ, որովհետև Աստծու բարի ձեռքն ինձ վրա էր։
9Եվ ես եկա Գետի այս կողմի իշխանների մոտ և թագավորի նամակները նրանց տվեցի. թագավորն էլ ինձ հետ զորապետներ և ձիավորներ ուղարկեց։ 10Եվ երբ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան լսեցին, խիստ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայելի որդիների բարօրությունը հոգալու։ 11Ես եկա Երուսաղեմ և երեք օր այնտեղ մնացի։
12Եվ ես վեր կացա գիշերը, և փոքրաթիվ մարդիկ՝ ինձ հետ, և ոչ մեկի չպատմեցի, թե իմ Աստվածն ինչ է դրել իմ սրտում, որ Երուսաղեմի համար անեմ. և ոչ մի անասուն չկար ինձ հետ, բացի նրանից, որին հեծել էի։ 13Եվ ես Ձորի դռնով դուրս եկա գիշերով և գնացի դեպի Վիշապի աղբյուրը և Աղբի դուռը և զննեցի Երուսաղեմի քանդված պարիսպները և կրակից այրված նրա դռները։ 14Եվ անցա Աղբյուրի դուռը և Թագավորի ավազանը, և տակիս անասունի համար տեղ չկար անցնելու։ 15Գիշերը վեր գնացի հեղեղատով և զննեցի պարիսպը, հետ դարձա ու մտա Ձորի դռնով և վերադարձա։ 16Զորականները չիմացան, թե ուր գնացի և թե ինչ եմ անում. հրեաներին ու քահանաներին և ազնվականներին ու զորականներին և գործը կատարող մյուսներին մինչև այն ժամանակ ոչինչ չէի ասել։
17Եվ ես նրանց ասացի. «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմն ավերակ, իսկ նրա դռները կրակից այրված են. եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որ այլևս նախատելի չլինենք»։ 18Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծու ձեռքն ինձ վրա բարեհաջող է, և մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր. և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»։ Եվ իրենց ձեռքերը զորացրին այս բարի գործի համար։
19Եվ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան և արաբացի Գեսամը, այս լսելով, մեզ ծաղրեցին ու արհամարհեցին և ասացին. «Սա ի՞նչ բան է, որ անում եք, մի՞թե ապստամբում եք թագավորի դեմ»։ 20Բայց ես նրանց պատասխան տվեցի և ասացի. «Երկնքի Աստվածն ինքը մեզ հաջողություն է տալու, և մենք՝ նրա ծառաներս, վեր ենք կենալու, որ շինենք, իսկ դուք բաժին, իրավունք և հիշատակ չունեք Երուսաղեմում»։
Արդեն Ընտրված.
ՆԵԵՄԻԱ 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018