ՆԵԵՄԻԱ 13:10-31

ՆԵԵՄԻԱ 13:10-31 ՆՎԱԱ

Նաև իմացա, որ ղևտացիների բաժինները չէին տրվել, և որ ղևտացիները և սպասավորություն անող երգիչները փախել էին իրենց ագարակները։ Եվ ես վիճեցի զորականների հետ ու ասացի. «Ինչո՞ւ է Աստծու տունը լքված», և ես ղևտացիներին հավաքեցի և հաստատեցի իրենց տեղում։ Եվ ամբողջ Հուդան գանձատուն բերեց ցորենի, գինու և ձեթի տասանորդը։ Եվ ես գանձատների վրա գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային և Սադովկ դպիրին ու ղևտացիներից Փադայիային, իսկ նրանց օգնական՝ Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանին, որովհետև նրանք հավատարիմ էին համարվում, և նրանց գործն էր, որ իրենց եղբայրներին բաժին տան։ Ո՛վ Աստված իմ, հիշի՛ր ինձ սրա համար և մի՛ ջնջիր իմ բարեգործությունները, որ արեցի իմ Աստծու տան համար և նրա ծառայության մեջ։ Այն օրերին տեսա, որ Հրեաստանում շաբաթ օրը խաղող էին տրորում և խրձերը բերում, բեռնում էին էշերին, նաև գինի, խաղող ու թուզ և ամեն տեսակ բեռ, և շաբաթ օրը բերում էին Երուսաղեմ։ Եվ ես հանդիմանեցի նրանց իրենց ուտելիք ծախած օրը։ Եվ նրա մեջ բնակվող տյուրացիները ձուկ և ամեն տեսակ ապրանք էին բերում և շաբաթ օրը ծախում Հուդայի որդիներին և Երուսաղեմում։ Եվ ես վիճեցի Հուդայի ազնվականների հետ ու ասացի նրանց. «Սա ի՞նչ չար բան է, որ անում եք դուք և պղծում շաբաթ օրը։ Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արեցին, և մեր Աստվածը մեզ վրա և այս քաղաքի վրա բերեց այս ամբողջ չարիքը, իսկ դուք շաբաթը պղծելով Իսրայելի վրա բարկություն եք ավելացնում»։ Եվ երբ որ շաբաթից առաջ Երուսաղեմի դռների մոտ մթնում էր, այդ ժամանակ հրամայեցի, որ դռները փակեն, և հրամայեցի, որ դրանք չբանան մինչև շաբաթ օրվա վերջը։ Եվ իմ ծառաներից դրեցի դռների վրա, որ շաբաթ օրը բեռ ներս չմտնի։ Եվ վաճառականներն ու ամեն տեսակ ապրանք ծախողները մեկ-երկու անգամ գիշերը Երուսաղեմից դուրս մնացին։ Եվ ես հանդիմանեցի նրանց՝ ասելով. «Դուք ինչի՞ համար եք գիշերը պարսպի մոտ մնում. եթե մեկ անգամ էլ այդպես անեք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վրա»։ Այդ ժամանակից հետո շաբաթ օրն այլևս չեկան։ Եվ ղևտացիներին հրամայեցի, որ սրբվեն և գան դռներին պահապանություն անեն՝ շաբաթ օրը սրբագործելու համար։ Սա է՛լ հիշիր ինձ համար, ո՛վ իմ Աստված, և ինձ ողորմի՛ր քո մեծ ողորմության համեմատ։ Այն օրերին նաև տեսա, որ հրեաները ազովտացի, ամմոնացի, մովաբացի կանայք էին առել։ Եվ նրանց որդիների կեսը խոսում էր ազովտացիների լեզվով, բայց հրեերեն խոսել չգիտեին և խոսում էին այս կամ այն ազգի լեզվով։ Եվ ես նրանց հետ կռվեցի և նրանց նզովեցի, նրանցից մի քանի մարդու էլ ծեծեցի և նրանց մազերը փետեցի։ Եվ նրանց երդվել տվեցի Աստծով. «Ձեր աղջիկներին նրանց որդիներին չտաք և նրանց աղջիկներից չառնեք ձեր որդիների և ձեզ համար։ Չէ՞ որ սրանով մեղանչեց Իսրայելի Սողոմոն թագավորը, թեև շատ ազգերի մեջ նրա նման թագավոր չկար, և սիրելի էր իր Աստծուն, և Աստված նրան ամբողջ Իսրայելի վրա թագավոր էր դրել։ Սակայն օտարազգի կանայք նրան էլ մեղանչել տվեցին։ Եվ ձեր վերաբերյալ սա լսելո՞ւ բան է, որ այս մեծ չարությունն անեք և Աստծու դեմ ապստամբեք՝ օտարազգի կանայք առնելով»։ Եվ մեծ քահանա Եղիասիբի որդի Հովիադայի որդիներից մեկը որոնացի Սանաբաղատի փեսան էր. ես նրան դուրս արեցի իմ մոտից։ Ո՛վ իմ Աստված, նրանց հիշի՛ր, որ պղծեցին քահանայությունը և քահանայության ու ղևտացիների ուխտը։ Եվ այսպես նրանց մաքրեցի բոլոր օտարազգիներից և քահանաների ու ղևտացիների համար պաշտոններ նշանակեցի՝ ամեն մարդու համար իր գործը։ Նաև փայտի ընծան՝ որոշված ժամանակներին և առաջին բերքը։ Ո՛վ իմ Աստված, բարությա՛մբ հիշիր ինձ։

ՆԵԵՄԻԱ 13:10-31 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր