ՆԵԵՄԻԱ 12:1-47

ՆԵԵՄԻԱ 12:1-47 ՆՎԱԱ

Սրանք են այն քահանաները և ղևտացիները, որ Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հեսուի հետ դուրս եկան՝ Սարայիան, Երեմիան, Եզրասը, Ամարիան, Մալուքը, Քետտուսը. Սեքենիան, Հռեումը, Մերամոթը, Ադդովը, Կանաթոնը, Աբիան, Միամինը, Մովադիան, Բեղգան, Սեմայիան, Հովարիբը, Հեդայիան, Սալլուն, Ամոկը, Քեղկիան, Հեդայիան. սրանք էին քահանաների գլխավորներն իրենց եղբայրներով՝ Հեսուի օրերին։ Եվ ղևտացիները՝ Հեսուն, Բանուին, Կադմիելը, Սարաբիան, Հուդան, Մաթանիան. սա իր եղբայրներով օրհնությունների գլխավորն էր։ Եվ նրանց եղբայրները՝ Բակբոկիան և Ուննին, իրենց կարգով նրանց առջևում էին։ Եվ Հեսուն ծնեց Հովակիմին, Հովակիմը ծնեց Եղիասիբին, Եղիասիբը ծնեց Հովիադային. Հովիադան ծնեց Հովնաթանին, Հովնաթանը ծնեց Հադդուային։ Հովակիմի օրերին տոհմապետ քահանաներն էին՝ Սարայիայից՝ Մարայիան, Երեմիայից՝ Անանիան, Եզրասից՝ Մեսուղամը, Ամարիայից՝ Հոհանանը, Մալուքից՝ Հովնաթանը, Սաբանիայից՝ Հովսեփը, Հարիմից՝ Եդնան, Մարիոթից՝ Քեղկան, Ադդովից՝ Զաքարիան, Կանաթոնից՝ Մեսուղամը, Աբիայից՝ Զիքրին, Մինիամինից՝ Մովադիայից՝ Փաղտին, Բեղգայից՝ Սամուան, Սեմայիայից՝ Հովնաթանը, Հովարիբից՝ Մաթանան, Հեդայիայից՝ Ոզին, Սալլայից՝ Կալլան, Ամոկից՝ Եբերը, Քեղկիայից՝ Ասաբիան, Հեդայիայից՝ Նաթանայելը։ Ղևտացիները՝ տոհմապետները, գրվեցին Եղիասիբի, Հովիադայի, Հոհանանի և Հադդուայի օրերին, իսկ քահանաները՝ պարսից Դարեհ թագավորի օրոք։ Ղևտացի տոհմապետները ժամանակագրության գրքում գրվեցին մինչև Եղիասիբի որդի Հոհանանի օրերը։ Ղևտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի Հեսուն էին, և նրանց եղբայրները նրանց առջևում էին, որ օրհնեն և գովեն Աստծու մարդ Դավթի հրամանի համաձայն՝ ըստ դասերի դեմ դիմաց։ Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դռների շտեմարանների վրա պահապանություն էին անում։ Նրանք Հովսեդեկի որդի Հեսուի որդի Հովակիմի օրերում և Նեեմիա կուսակալի և Եզրաս քահանա դպիրի օրերում էին։ Եվ Երուսաղեմի պարսպի նավակատիքին իրենց բոլոր տեղերից որոնեցին ղևտացիներին, որ նրանց բերեն Երուսաղեմ՝ գոհություններով, երգով, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով նավակատիք և ուրախություն անելու համար։ Եվ հավաքվեցին երգիչների որդիները Երուսաղեմի շրջակա կողմերից և նետոփաթացիների գյուղերից, Բեթգաղգաղայից, Գաբայի և Ազամոթի դաշտերից, որովհետև երգիչներն իրենց համար գյուղեր էին շինել Երուսաղեմի շրջակայքում։ Քահանաներն ու ղևտացիները սրբվեցին և սրբեցին ժողովրդին և դռներն ու պարիսպը։ Եվ ես Հուդայի իշխաններին պարսպի վրա հանեցի և երկու մեծ դաս գոհություն երգողների կարգեցի. մեկը պարսպի վրա՝ աջ կողմում, Աղբի դռան մոտ։ Նրանց հետևից գնում էին Ովսեիան և Հուդայի իշխանների կեսը, Ազարիան, Եզրասը, Մեսուղամը, Հուդան, Բենիամինը, Սեմայիան և Երեմիան։ Իսկ փողերով՝ քահանաների որդիներից Զաքարիան՝ որդի Հովնաթանի՝ որդի Սեմայիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայիայի՝ որդի Զաքուրի՝ որդի Ասափի։ Եվ նրա եղբայրները՝ Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Անանին՝ Աստծու մարդ Դավթի նվագարաններով, և նրանց առջևում՝ Եզրաս դպիրը։ Եվ Աղբյուրի դռնով և նրանց դիմացը վեր ելան Դավթի քաղաքի աստիճանների վրա պարսպի աստիճանով վեր՝ դեպի Դավթի տունը մինչև Ջրի դուռը, դեպի արևելք։ Մյուս երգողների դասը գնում էր դեմ ու դեմ, իսկ ես՝ նրա հետևից, և ժողովրդի կեսը՝ պարսպի վրա՝ Փուռերի աշտարակից վեր մինչև Լայն պարիսպը։ Եվ Եփրեմի դռան վրայից՝ Հին դռան մոտով, և Ձկների դռան մոտով և Անանայելի աշտարակի ու Մեայի աշտարակի մոտով՝ մինչև Ոչխարների դուռը, և կանգնեցին Բանտի դռան մոտ։ Հետո երգողների երկու դասերը կանգնեցին Աստծու տան մեջ, ես էլ և զորականների կեսը՝ ինձ հետ։ Եվ քահանաները՝ Եղիակիմը, Մաասիան, Մենիամինը, Միքիան, Եղիովենային, Զաքարիան, Անանիան՝ փողերով։ Եվ Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Ոզին, Հոհանանը, Մեղքիան, Եղամը և Եզերը և երգիչները բարձրաձայն երգեցին, և վերակացուն Հեզերիան էր։ Եվ այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և ուրախացան, որովհետև Աստված ուրախացրեց նրանց մեծ ուրախությամբ, նաև կանայք ու երեխաներն էին ուրախանում, և Երուսաղեմի ուրախությունը հեռվից էր լսվում։ Եվ այն օրը ընծաների, առաջին բերքի և տասանորդների համար մարդիկ կարգվեցին շտեմարանների սենյակների վրա, որ նրանց մեջ ժողովեն քաղաքների ագարակներից քահանաների և ղևտացիների օրինական բաժինները, որովհետև Հուդան ուրախանում էր կանգնած քահանաների և ղևտացիների վրա։ Եվ պահում էին իրենց Աստծու պահապանությունը և մաքուր պահապանությունը. նույնպես և երգիչներն ու դռնապանները՝ Դավթի և իր որդի Սողոմոնի հրամանի համաձայն։ Որովհետև վաղուց Դավթի և Ասափի օրերին երգիչների գլխավոր կար, և Աստծուն օրհնելու և գովաբանելու երգեր։ Եվ ամբողջ Իսրայելը Զորաբաբելի օրերին և Նեեմիայի օրերին տալիս էր երգիչների և դռնապանների ամեն օրվա բաժինները. սուրբ բաները տալիս էին ղևտացիներին, իսկ ղևտացիներն էլ սուրբ բաները տալիս էին Ահարոնի որդիներին։