Եվ մնացած ժողովուրդը՝ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները, նաթանայիմները և բոլորը, որ զատվել էին այն երկրների ժողովուրդներից դեպի Աստծու օրենքը, նրանց կանայք, որդիները և աղջիկները, ամենքը, ով կարողանում է հասկանալ, միացան իրենց զորավոր եղբայրներին և անեծքով երդվեցին, որ շարժվեն Աստծու օրենքով, որ նա տվեց Աստծու ծառա Մովսեսի ձեռքով, և որ պահեն ու կատարեն Տիրոջ՝ մեր Տիրոջ բոլոր պատվերները, իրավունքները և կանոնները։ Եվ որ մեր աղջիկներին չտանք երկրի այլազգիներին և նրանց աղջիկներին չուզենք մեր որդիների համար։ Եվ երկրի այլազգիներից, որոնք շաբաթ օրը ապրանք և ամեն տեսակ ուտելիք են բերում ծախելու, շաբաթ և սուրբ օրը չառնենք և յոթերորդ տարին թողնենք ամեն տեսակ պարտքերը։ Եվ մեզ վրա պատվեր դրեցինք, որ մեզ համար պարտք համարենք տարին մեկ երրորդ սիկղ վճարել մեր Աստծու տան սպասավորության համար, առաջավորության հացի համար, մշտնջենավոր հացի համար, մշտնջենավոր ողջակեզի համար, շաբաթներին, ամսագլուխներին, տոներին՝ սուրբ բաների համար և Իսրայելի քավության մասին մեղքի պատարագների համար և մեր Աստծու տան ամբողջ գործի համար։ Եվ փայտի ընծայի մասին քահանաները, ղևտացիները և ժողովուրդը վիճակ գցեցինք, որ բերենք մեր Աստծու տունը ըստ մեր տոհմերի՝ տարեցտարի իր որոշված ժամանակներին, մեր Տեր Աստծու սեղանի վրա վառելու համար, ինչպես որ գրված է օրենքում։ Եվ ամեն տարի Տիրոջ տունը տանենք մեր երկրի առաջին բերքը և բոլոր պտղատու ծառերի առաջին պտուղները։ Եվ մեր որդիների անդրանիկներին և մեր անասուններինը, ինչպես որ գրված է օրենքում, և մեր արջառների ու ոչխարների անդրանիկները տանենք մեր Աստծու տունը՝ քահանաներին, որ ծառայում են մեր Աստծու տանը։ Եվ մեր ցորենի երախայրիքն ու մեր ընծաները և ամեն ծառի պտուղը, գինին և ձեթը տանենք քահանաներին՝ մեր Աստծու տան մառանները, և մեր երկրի տասանորդը տանք ղևտացիներին, իսկ ղևտացիներն իրենք մեզանից տասանորդ առնեն մեր ծառայության բոլոր քաղաքներում։ Եվ Ահարոնի որդի քահանան ղևտացիների հետ կլինի ղևտացիների տասանորդն առնելիս, և ղևտացիները տասանորդի տասանորդը կտանեն Աստծու տան գանձատան սենյակները։ Որովհետև Իսրայելի որդիները և Ղևիի որդիները ցորենի, գինու և ձեթի ընծաները պիտի տանեն այն սենյակները, որտեղ են սրբարանի անոթները և պաշտոնյա քահանաներն ու դռնապանները և երգիչները։ Եվ մեր Աստծու տունը չենք թողնի։