ՆԵԵՄԻԱ 1:1-11

ՆԵԵՄԻԱ 1:1-11 ՆՎԱԱ

Աքազիայի որդի Նեեմիայի խոսքերը։ Արտաշես թագավորի քսաներորդ տարվա Քասղև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի։ Եվ եկան իմ եղբայրներից մեկը՝ Անանին, և մի քանի մարդիկ Հուդայից. և ես հարցրի նրանց ազատված այն հրեաների մասին, որ մնացել էին գերությունից, և Երուսաղեմի մասին։ Եվ նրանք ինձ ասացին. «Այն մնացորդները, որ ազատվեցին գերությունից, այնտեղ՝ գավառում, մեծ նեղության և անարգանքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները քանդված, ու նրա դռները կրակով այրված են»։ Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև։ Եվ ասում էի. «Ո՛վ Տեր՝ երկնքի Աստված, մեծ և ահե՛ղ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողներին և քո պատվիրանները պահողներին։ Աղաչում եմ, ակա՛նջ դիր, և աչքերդ թող բաց լինեն քո ծառայի աղոթքը լսելու համար, որ ես հիմա գիշեր և ցերեկ աղոթում եմ քո առջև Իսրայելի որդի քո ծառաների համար և խոստովանում եմ Իսրայելի որդիների մեղքերը, որ քո դեմ մեղանչեցինք. ես էլ և իմ հոր տունն էլ մեղանչել ենք։ Իրավ հանցավոր ենք քո առջև և չենք պահել այն պատվիրանները և կանոններն ու իրավունքները, որ դու պատվիրեցիր քո Մովսես ծառային։ Սակայն հիշի՛ր այն խոսքը, որ պատվիրեցիր Մովսես ծառայիդ՝ ասելով. “Եթե դուք հանցանք գործեք, ես ձեզ կցրեմ ազգերի մեջ։ Եվ եթե հետ դառնաք դեպի ինձ և պահեք իմ պատվիրանները և կատարեք դրանք, թե որ ձեր աքսորվածները երկնքի ծայրում էլ լինեն, այնտեղից կժողովեմ և նրանց կբերեմ այն տեղը, որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու համար”։ Եվ ահա նրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժով և քո զորավոր բազկով։ Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում