ՆԱՈՒՄ 3

3
1Վա՜յ արյունալի քաղաքին՝ ամբողջությամբ լի ստով, հափշտակությամբ. որսը չի պակասում։ 2Ահա խարազանի շաչյունը և անիվի շռինդը, սրընթաց ձին և ցնցվող կառքը, 3հեծյալ ձիավորը, թրի պսպղոցն ու նիզակի շողշողոցը, անթիվ վիրավորներն ու դիակների բազմությունը և անվերջ դիակները. նրանք գլորվում են դիակների վրա։ 4Կախարդությունների բազմաշնորհ տիկին՝ պոռնիկի պոռնկությունների շատության պատճառով, որն ազգեր է ծախում իր պոռնկությամբ և ազգատոհմեր՝ իր կախարդություններով։ 5«Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- ես քո փեշը քո դեմքի վրա պիտի բացեմ և ցույց տամ ազգերին քո մերկությունը և թագավորություններին՝ քո անարգանքը։ 6Ես քեզ վրա պղծություններ պիտի շպրտեմ և խայտառակեմ քեզ և քեզ ցուցանք պիտի դարձնեմ։ 7Եվ ամեն քեզ տեսնողը պիտի փախչի քեզանից և ասի. “Ավերակ եղավ Նինվեն, ո՞վ պիտի ողբա նրա վրա, քեզ մխիթարողներ որտե՞ղ փնտրեմ”։
8Մի՞թե դու Նով-Ամոնից լավ ես, որ գտնվում էր Նեղոսի վրա ու շրջապատված էր ջրերով, որի խրամը ծովն էր, ծովը՝ նրա պարիսպը։ 9Եթովպիան ու Եգիպտոսը նրա անծայր զորություններն էին, փութացիներն ու լիբեացիներն էին նրան օժանդակողները։ 10Սակայն նա և՛ աքսորի գնաց, և՛ գերության, նրա մանուկներն էլ, ամեն ճանապարհի գլխին գետնով տրվելով, կոտորվեցին, և նրա պատվավորների վրա վիճակ գցեցին, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին։ 11Դու ևս պիտի հարբես, անհայտանաս, դու ևս պիտի ապաստարան փնտրես թշնամուց։ 12Քո բոլոր ամրոցները կանխահաս պտղով թզենիներ են. հենց որ թափահարվեն, իսկույն կընկնեն ուտողի բերանը։ 13Ահա քո զորագնդերը կանանց պես պիտի լինեն քո մեջ, քո երկրի դարպասները բացվել են քո թշնամիների առաջ, կրակը կերել է քո նիգերը։ 14Պաշարման համար ջո՛ւր քաշիր քեզ համար, պնդացրո՛ւ ամրոցներդ, ցե՛խը մտիր ու տրորի՛ր կավը, նորոգի՛ր աղյուսի փուռը։ 15Այնտեղ կրակը պիտի լափի քեզ, սուրը պիտի կոտորի քեզ, ջորյակի պես սպառի քեզ. բազմացրո՛ւ քեզ ջորյակի պես, շատացրո՛ւ քեզ մորեխի պես։ 16Դու քո վաճառականներին շատացրիր երկնքի աստղերից ավելի, որոնք, սակայն, անհետացան, ինչպես մորեխները բացեցին իրենց թևերը և թռան։ 17Քո պալատականները ջորյակի պես են, իսկ քո զորավարները՝ անթիվ մորեխների պես, որոնք ցուրտ օրը հանգչում են ցանկապատերի վրա. չվում են, երբ ծագում է արեգակը։ Եվ չի իմացվում նրանց տեղը, թե որտե՛ղ են։ 18Քնած են քո հովիվները, ո՛վ Ասորեստանի թագավոր, մրափում են քո ազնվականները, լեռների վրա ցրված է քո ժողովուրդը, և նրանց հավաքող չկա։ 19Ամոքում չկա քո ցավի համար, անբուժելի է քո վերքը, քո մասին բոլոր լսողները քեզ համար ծափ են տալիս, որովհետև քո չարությունն ո՞ւմ վրա անընդհատ չի եղել»։

Արդեն Ընտրված.

ՆԱՈՒՄ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք