ՆԱՈՒՄ 1

1
1Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։
Աստծու բարկությունը Նինվեի դեմ
2Նախանձախնդիր և վրեժխնդիր Աստված է Տերը. Տերը վրեժխնդիր է և զայրույթով լի. Տերը վրիժառու է իր ոսոխներից և զայրույթ պահող իր թշնամիների դեմ։ 3Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։ 4Նա սաստում է ծովին և այն ցամաքեցնում ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։ 5Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են, երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։ 6Նրա ցասման առաջ ո՞վ կկանգնի և ո՞վ կդիմանա, երբ բորբոքվում է նրա բարկությունը, նրա զայրույթը թափվում է կրակի պես, և ապառաժները խորտակվում են նրա առաջ։
7Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին, 8նույնիսկ հորդահոս հեղեղի ժամանակ։ Բայց պիտի կործանի այն քաղաքը, որ կապստամբի իր դեմ, և խավարի մեջ պիտի նետի իր թշնամիներին։ 9Տիրոջ դեմ ի՞նչ եք նյութում. վերջ տվողը նա է, նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի։ 10Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։ 11Քեզանից դուրս եկավ Տիրոջ դեմ չարություն նյութողն ու արժեզուրկ խորհուրդներ տվողը։ 12Այսպես է ասում Տերը. «Թեև նրանք խաղաղության մեջ են և բազմաթիվ, բայց և այնպես պետք է կոտորվեն և վերանան։ Թեպետ ես տառապեցրել եմ քեզ, այլևս չեմ տառապեցնելու։ 13Եվ հիմա նրա լուծը պիտի հանեմ քո վրայից և կապերդ պիտի կտրեմ»։ 14Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։ 15Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։

Արդեն Ընտրված.

ՆԱՈՒՄ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք