Մարկոս 9:1-29

Մարկոս 9:1-29 ՆՎԱԱ

Եվ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած»։ Վեց օր հետո Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց ու նրանց առաջ այլակերպվեց։ Նրա հագուստները դարձան փայլուն, ձյան պես խիստ սպիտակ, այնպես, որ երկրի վրա ոչ մի ներկարար այդպես չէր կարող սպիտակեցնել։ Ապա նրանց երևաց Եղիան՝ Մովսեսի հետ, և խոսում էին Հիսուսի հետ։ Եվ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ռա՛բբի, լավ է, որ մենք այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Որովհետև չգիտեր, թե ի՛նչ խոսեր, քանի որ սարսափած էին։ Եվ մի ամպ նրանց վրա հովանի եղավ. այդ ամպից ձայն հնչեց և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։ Եվ հանկարծ իրենց շուրջը նայեցին, իրենց հետ ոչ ոքի չտեսան, բացի Հիսուսից։ Լեռից իջնելիս նրանց պատվիրեց, որ իրենց տեսածի մասին ոչ մեկի չպատմեն մինչև այն ժամանակը, երբ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի։ Նրանք այդ խոսքն իրենց մեջ պահեցին ու իրար հարցնում էին, թե ինչ է նշանակում՝ մեռելներից հարություն կառնի։ Ապա նրան հարցրին. «Ինչո՞ւ են դպիրներն ասում, թե՝ "Նախ Եղիան պետք է գա"»։ Հիսուսը պատասխանեց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կարգի կդնի։ Սակայն ինչո՞ւ է Մարդու Որդու մասին գրված, թե շատ կչարչարվի և կանարգվի։ Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան եկավ, և նրանք ինչ որ ուզեցին, արեցին նրան, ինչպես որ նրա մասին գրված է»։ Եվ երբ մնացած աշակերտների մոտ եկավ, տեսավ նրանց շուրջը հավաքված մեծ բազմություն և դպիրներին, որ վիճում էին նրանց հետ։ Իսկույն ամբողջ ժողովուրդը, նրան տեսնելով, անակնկալի եկավ ու ընդառաջ վազեց նրան ողջունելու։ Հիսուսը դպիրներին հարցրեց. «Ինչի՞ մասին եք վիճում նրանց հետ»։ Ժողովրդի միջից մեկը պատասխանեց ու ասաց. «Վարդապե՛տ, քեզ մոտ եմ բերել իմ որդուն, որն իր մեջ պիղծ ոգի ունի և համրացել է։ Որտեղ այն նրան բռնում է, գետնով է տալիս, և նրա բերանից փրփուր է դուրս գալիս, ատամներն է կրճտացնում և փայտանում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն դրան, բայց չկարողացան»։ Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ եմ ձեզ հետ լինելու, մինչև ե՞րբ եմ ձեզ հանդուրժելու։ Նրան ինձ մո՛տ բերեք»։ Եվ նրան իր մոտ բերեցին։ Հենց որ ոգին Հիսուսին տեսավ, անմիջապես ցնցեց տղային, և նա ընկավ գետնին, թավալվում էր, ու բերանից փրփուր էր դուրս գալիս։ Հիսուսը նրա հորը հարցրեց. «Որքա՞ն ժամանակ է նրան այս պատահել»։ Նա ասաց. «Մանկությունից. շատ անգամ նրան նաև կրակի ու ջրի մեջ է գցել, որ կորստյան մատնի։ Բայց եթե կարող ես մի բան անել, գթա՛ մեզ և օգնի՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։ Այդժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը»։ Երբ Հիսուսը տեսավ, որ բազմություն է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն ու նրան ասաց. «Համր ու խո՛ւլ ոգի, ես քեզ հրամայում եմ, դո՛ւրս արի նրա միջից ու այլևս չմտնե՛ս նրա մեջ»։ Եվ ոգին, աղաղակելով ու տղային սաստիկ ցնցելով, դուրս ելավ։ Եվ տղան մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասում էին, թե մեռավ։ Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց։ Եվ երբ նա տուն մտավ, աշակերտները նրան առանձին հարցրին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։ Եվ նա ասաց նրանց. «Այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։