Եվ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած»։ Վեց օր հետո Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց ու նրանց առաջ այլակերպվեց։ Նրա հագուստները դարձան փայլուն, ձյան պես խիստ սպիտակ, այնպես, որ երկրի վրա ոչ մի ներկարար այդպես չէր կարող սպիտակեցնել։ Ապա նրանց երևաց Եղիան՝ Մովսեսի հետ, և խոսում էին Հիսուսի հետ։ Եվ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ռա՛բբի, լավ է, որ մենք այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Որովհետև չգիտեր, թե ի՛նչ խոսեր, քանի որ սարսափած էին։ Եվ մի ամպ նրանց վրա հովանի եղավ. այդ ամպից ձայն հնչեց և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։ Եվ հանկարծ իրենց շուրջը նայեցին, իրենց հետ ոչ ոքի չտեսան, բացի Հիսուսից։
Լեռից իջնելիս նրանց պատվիրեց, որ իրենց տեսածի մասին ոչ մեկի չպատմեն մինչև այն ժամանակը, երբ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի։ Նրանք այդ խոսքն իրենց մեջ պահեցին ու իրար հարցնում էին, թե ինչ է նշանակում՝ մեռելներից հարություն կառնի։ Ապա նրան հարցրին. «Ինչո՞ւ են դպիրներն ասում, թե՝ "Նախ Եղիան պետք է գա"»։ Հիսուսը պատասխանեց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կարգի կդնի։ Սակայն ինչո՞ւ է Մարդու Որդու մասին գրված, թե շատ կչարչարվի և կանարգվի։ Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան եկավ, և նրանք ինչ որ ուզեցին, արեցին նրան, ինչպես որ նրա մասին գրված է»։