Մարկոս 8:22-33

Մարկոս 8:22-33 ՆՎԱԱ

Եկան Բեթսայիդա. նրա առաջ բերեցին մի կույրի ու խնդրում էին, որ դիպչի նրան։ Հիսուսը կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ։ Նրա աչքերին թքելով ու ձեռքով դրանց դիպչելով՝ նրան հարցրեց, թե որևէ բան տեսնո՞ւմ է։ Նա նայեց ու ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են»։ Հետո դարձյալ ձեռքերը նրա աչքերի վրա դրեց և նրան հստակ տեսնել տվեց։ Նրա տեսողությունը վերականգնվեց, և բոլորին պարզ տեսնում էր։ Հիսուսը նրան տուն ուղարկեց՝ ասելով. «Ո՛չ գյուղ կմտնես, ո՛չ էլ գյուղում մեկին կասես»։ Հիսուսն իր աշակերտների հետ Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը գնաց։ Ճանապարհին աշակերտներին հարցրեց ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ եմ ես»։ Նրանք պատասխանեցին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք՝ Եղիան, ոմանք էլ՝ մարգարեներից մեկը»։ Իսկ նա հարցրեց նրանց. «Հապա դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց ու նրան ասաց. «Դու Քրիստոսն ես»։ Այդժամ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ այդ մասին ոչ ոքի չասեն։ Հիսուսը սկսեց նրանց ուսուցանել, որ Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, փորձության ենթարկվի ծերերից, քահանայապետներից ու դպիրներից, պետք է մահանա և երեք օր հետո հարություն առնի։ Եվ նա բացահայտ խոսում էր նրանց հետ այդ մասին։ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու սկսեց հանդիմանել։ Սակայն Հիսուսը դարձավ դեպի իր աշակերտները, նայեց նրանց և Պետրոսին հանդիմանեց ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու չես մտածում, ինչպես Աստված է կամենում, այլ ինչպես մարդիկ»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում