Մարկոս 6:30-46

Մարկոս 6:30-46 ՆՎԱԱ

Առաքյալները Հիսուսի մոտ վերադարձան և նրան պատմեցին այն ամենը, ինչ արել էին և ինչ որ ուսուցանել էին։ Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տե՛ղ եկեք ու մի քիչ հանգստացե՛ք»։ Որովհետև եկող-գնացողները շատ էին, և նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեին։ Եվ նավով մի ամայի տեղում առանձնացան։ Շատերը նրանց գնալիս տեսան և ճանաչեցին։ Բոլոր քաղաքներից ոտքով այնտեղ էին վազում։ Նրանք նրանցից շուտ այնտեղ հասան ու հավաքվեցին Հիսուսի շուրջը։ Երբ Հիսուսը ցամաք ելավ, մեծ բազմություն տեսավ. գթաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Եվ սկսեց նրանց շատ բաներ ուսուցանել։ Երբ արդեն շատ ժամանակ էր անցել, աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս վայրն ամայի է, և ուշ ժամ է։ Ժողովրդին արձակի՛ր, որ շրջակա ագարակներն ու գյուղերը գնան հաց առնելու, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Այդժամ նրան ասացին. «Գնանք երկու հարյուր դինարի հաց առնենք ու նրանց տանք, որ ուտե՞ն»։ Իսկ նա հարցրեց նրանց. «Քանի՞ հատ հաց ունեք։ Գնացե՛ք ու տեսե՛ք»։ Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ հաց և երկու ձուկ»։ Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ-խումբ նստեցնեն դալար խոտի վրա։ Եվ նրանք դաս-դաս նստեցին՝ հարյուր-հարյուր և հիսուն-հիսուն։ Հիսուսը վերցրեց հինգ հացն ու երկու ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց ու աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն երկու ձկները նույնպես բոլորին բաժանեց։ Բոլորն էլ կերան ու կշտացան։ Հացի ու ձկան կտորներից հավաքեցին նաև տասներկու լիքը կողով։ Նրանք, որ հաց կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին։ Ապա անմիջապես իր աշակերտներին ստիպեց, որ նավ մտնեն, գնան դիմացի ափը՝ Բեթսայիդա, և այնտեղ իրեն սպասեն, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ Եվ նրանց հրաժեշտ տալով՝ բարձրացավ լեռը՝ աղոթելու։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում