Մարկոս 6:24-56

Մարկոս 6:24-56 ՆՎԱԱ

Նա դուրս գնաց, իր մորը հարցրեց. «Ի՞նչ խնդրեմ»։ Իսկ նա պատասխանեց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Աղջիկը շտապ թագավորի մոտ մտավ ու ասաց. «Ուզում եմ, որ հիմա Հովհաննես Մկրտչի գլուխը սկուտեղի վրա ինձ տաս»։ Թագավորը շատ տրտմեց, բայց հրավիրվածների ներկայությամբ տված երդման պատճառով չցանկացավ նրան մերժել։ Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց Հովհաննեսի գլուխը բերել։ Եվ նա գնաց ու բանտում գլխատեց նրան։ Նա գլուխն սկուտեղի վրա բերեց և տվեց աղջկան, իսկ աղջիկը մորը տվեց այն։ Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին, եկան վերցրին նրա մարմինն ու գերեզման դրեցին։ Առաքյալները Հիսուսի մոտ վերադարձան և նրան պատմեցին այն ամենը, ինչ արել էին և ինչ որ ուսուցանել էին։ Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տե՛ղ եկեք ու մի քիչ հանգստացե՛ք»։ Որովհետև եկող-գնացողները շատ էին, և նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեին։ Եվ նավով մի ամայի տեղում առանձնացան։ Շատերը նրանց գնալիս տեսան և ճանաչեցին։ Բոլոր քաղաքներից ոտքով այնտեղ էին վազում։ Նրանք նրանցից շուտ այնտեղ հասան ու հավաքվեցին Հիսուսի շուրջը։ Երբ Հիսուսը ցամաք ելավ, մեծ բազմություն տեսավ. գթաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Եվ սկսեց նրանց շատ բաներ ուսուցանել։ Երբ արդեն շատ ժամանակ էր անցել, աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս վայրն ամայի է, և ուշ ժամ է։ Ժողովրդին արձակի՛ր, որ շրջակա ագարակներն ու գյուղերը գնան հաց առնելու, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Այդժամ նրան ասացին. «Գնանք երկու հարյուր դինարի հաց առնենք ու նրանց տանք, որ ուտե՞ն»։ Իսկ նա հարցրեց նրանց. «Քանի՞ հատ հաց ունեք։ Գնացե՛ք ու տեսե՛ք»։ Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ հաց և երկու ձուկ»։ Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ-խումբ նստեցնեն դալար խոտի վրա։ Եվ նրանք դաս-դաս նստեցին՝ հարյուր-հարյուր և հիսուն-հիսուն։ Հիսուսը վերցրեց հինգ հացն ու երկու ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց ու աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն երկու ձկները նույնպես բոլորին բաժանեց։ Բոլորն էլ կերան ու կշտացան։ Հացի ու ձկան կտորներից հավաքեցին նաև տասներկու լիքը կողով։ Նրանք, որ հաց կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին։ Ապա անմիջապես իր աշակերտներին ստիպեց, որ նավ մտնեն, գնան դիմացի ափը՝ Բեթսայիդա, և այնտեղ իրեն սպասեն, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ Եվ նրանց հրաժեշտ տալով՝ բարձրացավ լեռը՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, նավը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսը՝ ցամաքին, մենակ։ Եվ տեսավ, որ թիավարելիս նրանք չարչարվում էին, որովհետև քամին նրանց հակառակ էր փչում։ Գիշերվա չորրորդ ժամին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ Երբ աշակերտները տեսան նրան լճի վրա քայլելիս, կարծեցին, թե ուրվական է, և աղաղակեցին։ Որովհետև բոլորը նրան տեսան ու վախեցան։ Եվ Հիսուսն իսկույն նրանց հետ խոսեց ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ Ապա նրանց մոտ՝ նավ բարձրացավ, ու քամին դադարեց։ Եվ աշակերտները չափազանց ապշած ու զարմացած էին։ Որովհետև չէին հասկացել նաև այն հացի հրաշքը, քանի որ նրանց սիրտն ընդարմացած էր։ Եվ լճի մյուս կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթ ու ցամաք ելան։ Երբ նրանք դուրս եկան նավից, մարդիկ իսկույն ճանաչեցին Հիսուսին։ Այդժամ գավառի ամբողջ շրջակայքից վազեցին և սկսեցին մահիճներով հիվանդների բերել, որտեղ լսում էին, թե Հիսուսն այնտեղ է։ Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին հրապարակներում էին դնում ու նրան խնդրում էին, որ գոնե հագուստի քղանցքին դիպչեին։ Եվ ովքեր որ նրան դիպան, բժշկվեցին։