Մարկոս 5:21-34

Մարկոս 5:21-34 ՆՎԱԱ

Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց։ Եվ նա լճի ափին էր։ Եվ ահա եկավ ժողովրդապետներից մեկը, անունը՝ Հայրոս։ Երբ Հիսուսին տեսավ, նրա ոտքերի առաջ ընկավ. նրան շատ էր աղաչում և ասում. «Աղջիկս մահամերձ է։ Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր, որպեսզի բժշկվի ու ապրի»։ Եվ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրան մեծ բազմություն էր հետևում, որը և նեղում էր նրան։ Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն ուներ։ Նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը, ավելի էր վատացել։ Երբ Հիսուսի մասին լսեց, ամբոխի միջով նրա հետևի կողմը եկավ և նրա հագուստին դիպավ, որովհետև ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ»։ Նրա արյունահոսությունն անմիջապես դադարեց, և իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց։ Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ո՞վ դիպավ»։ Նրա աշակերտներն ասացին նրան. «Տեսնում ես, որ բազմությունը քեզ նեղում է, և հարցնում ես՝ "Իմ հագուստին ո՞վ դիպավ"»։ Բայց նա շուրջն էր նայում, որ այդ բանն անողին տեսնի։ Այդժամ կինը, իմանալով այն, ինչ իրեն պատահեց, վախեցած ու դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ճշմարտությունն ասաց նրան։ Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկվա՛ծ եղիր»։