Մարկոս 5:1-43

Մարկոս 5:1-43 ՆՎԱԱ

Եկան լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, գերեզմաններից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։ Նա բնակվում էր գերեզմանոցում. նրան ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարողանում կապել։ Շատ անգամ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրել էր, ոտնակապերը՝ փշրել։ Ոչ ոք չէր կարողանում նրան զսպել։ Եվ գիշեր ու ցերեկ շարունակ նա գերեզմանոցում և սարերում աղաղակում էր ու ինքն իրեն քարերով ծեծում։ Սակայն երբ հեռվից Հիսուսին տեսավ, վազեց և երկրպագեց նրան և բարձրաձայն աղաղակելով՝ ասաց. «Ինձ հետ ի՞նչ ունես, Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո՛ւ Որդի։ Աստծով եմ քեզ երդվեցնում, ինձ մի՛ տանջիր». որովհետև Հիսուսն ասում էր նրան. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս արի այդ մարդու միջից»։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա պատասխանեց ու ասաց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»։ Եվ դևերը շատ էին աղաչում նրան, որ իրենց այդ տարածքից դուրս չուղարկեր։ Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։ Դևերը նրան աղաչեցին ու ասացին. «Մեզ այն խոզերի մե՛ջ ուղարկիր, որ նրանց մեջ մտնենք»։ Հիսուսն անմիջապես հրամայեց նրանց, և պիղծ ոգիները դուրս եկան, խոզերի մեջ մտան։ Երամակն էլ այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց։ Եվ խոզերը, որ երկու հազարի չափ էին, լճում խեղդվեցին։ Խոզարածները փախան և այդ մասին քաղաքում ու գյուղերում պատմեցին։ Մարդիկ դուրս եկան տեսնելու, թե ի՛նչ էր պատահել։ Եկան Հիսուսի մոտ և դիվահարին, որ լեգեոն ուներ, նստած, հագնված ու խելքը գլուխը եկած տեսան ու վախեցան։ Տեսնողները նրանց պատմեցին, թե ի՛նչ եղավ այն դիվահարի և խոզերի հետ։ Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ իրենց սահմաններից դուրս գնա։ Եվ երբ նա նավ էր մտնում, դիվահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի։ Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ նրան ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ ու նրանց պատմի՛ր, թե Տերը քեզ ինչե՛ր արեց ու քեզ ինչպե՛ս ողորմեց»։ Նա գնաց ու սկսեց Դեկապոլիսում քարոզել, ինչ որ Հիսուսն արել էր իրեն։ Եվ բոլորը զարմանում էին։ Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց։ Եվ նա լճի ափին էր։ Եվ ահա եկավ ժողովրդապետներից մեկը, անունը՝ Հայրոս։ Երբ Հիսուսին տեսավ, նրա ոտքերի առաջ ընկավ. նրան շատ էր աղաչում և ասում. «Աղջիկս մահամերձ է։ Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր, որպեսզի բժշկվի ու ապրի»։ Եվ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրան մեծ բազմություն էր հետևում, որը և նեղում էր նրան։ Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն ուներ։ Նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը, ավելի էր վատացել։ Երբ Հիսուսի մասին լսեց, ամբոխի միջով նրա հետևի կողմը եկավ և նրա հագուստին դիպավ, որովհետև ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ»։ Նրա արյունահոսությունն անմիջապես դադարեց, և իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց։ Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ո՞վ դիպավ»։ Նրա աշակերտներն ասացին նրան. «Տեսնում ես, որ բազմությունը քեզ նեղում է, և հարցնում ես՝ "Իմ հագուստին ո՞վ դիպավ"»։ Բայց նա շուրջն էր նայում, որ այդ բանն անողին տեսնի։ Այդժամ կինը, իմանալով այն, ինչ իրեն պատահեց, վախեցած ու դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ճշմարտությունն ասաց նրան։ Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկվա՛ծ եղիր»։ Նա դեռ խոսում էր, երբ ժողովրդապետի տնից եկան ու ասացին. «Աղջիկդ մեռավ, էլ ինչո՞ւ ես Վարդապետին նեղություն տալիս»։ Հիսուսը հենց այս խոսքերը լսեց, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։ Եվ ոչ ոքի թույլ չտվեց, որ իր հետ գնա, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հակոբոսի եղբորից՝ Հովհաննեսից։ Երբ ժողովրդապետի տուն եկավ, այնտեղ իրարանցում և լացուկոծ տեսավ։ Ներս մտավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում։ Երեխան մեռած չէ, այլ քնած է»։ Իսկ նրանք ծիծաղում էին նրա վրա։ Բայց նա բոլորին դուրս արեց և վերցնելով երեխայի հորն ու մորը և իր հետ եկածներին՝ մտավ այնտեղ, որտեղ երեխան էր պառկած։ Հիսուսը, երեխայի ձեռքը բռնելով, նրան ասաց. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է՝ «Աղջի՛կ, ասո՛ւմ եմ քեզ, վե՛ր կաց»։ Աղջիկն իսկույն վեր կացավ ու ման էր գալիս, որովհետև մոտ տասներկու տարեկան էր։ Բոլորը շատ զարմացան։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք դրա մասին չիմանա, և ասաց, որ նրան ուտելու բան տան։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում