Մարկոս 5:1-18

Մարկոս 5:1-18 ՆՎԱԱ

Եկան լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, գերեզմաններից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։ Նա բնակվում էր գերեզմանոցում. նրան ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարողանում կապել։ Շատ անգամ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրել էր, ոտնակապերը՝ փշրել։ Ոչ ոք չէր կարողանում նրան զսպել։ Եվ գիշեր ու ցերեկ շարունակ նա գերեզմանոցում և սարերում աղաղակում էր ու ինքն իրեն քարերով ծեծում։ Սակայն երբ հեռվից Հիսուսին տեսավ, վազեց և երկրպագեց նրան և բարձրաձայն աղաղակելով՝ ասաց. «Ինձ հետ ի՞նչ ունես, Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո՛ւ Որդի։ Աստծով եմ քեզ երդվեցնում, ինձ մի՛ տանջիր». որովհետև Հիսուսն ասում էր նրան. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս արի այդ մարդու միջից»։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա պատասխանեց ու ասաց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»։ Եվ դևերը շատ էին աղաչում նրան, որ իրենց այդ տարածքից դուրս չուղարկեր։ Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։ Դևերը նրան աղաչեցին ու ասացին. «Մեզ այն խոզերի մե՛ջ ուղարկիր, որ նրանց մեջ մտնենք»։ Հիսուսն անմիջապես հրամայեց նրանց, և պիղծ ոգիները դուրս եկան, խոզերի մեջ մտան։ Երամակն էլ այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց։ Եվ խոզերը, որ երկու հազարի չափ էին, լճում խեղդվեցին։ Խոզարածները փախան և այդ մասին քաղաքում ու գյուղերում պատմեցին։ Մարդիկ դուրս եկան տեսնելու, թե ի՛նչ էր պատահել։ Եկան Հիսուսի մոտ և դիվահարին, որ լեգեոն ուներ, նստած, հագնված ու խելքը գլուխը եկած տեսան ու վախեցան։ Տեսնողները նրանց պատմեցին, թե ի՛նչ եղավ այն դիվահարի և խոզերի հետ։ Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ իրենց սահմաններից դուրս գնա։ Եվ երբ նա նավ էր մտնում, դիվահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի։