Մարկոս 5:1-10

Մարկոս 5:1-10 ՆՎԱԱ

Եկան լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, գերեզմաններից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։ Նա բնակվում էր գերեզմանոցում. նրան ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարողանում կապել։ Շատ անգամ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրել էր, ոտնակապերը՝ փշրել։ Ոչ ոք չէր կարողանում նրան զսպել։ Եվ գիշեր ու ցերեկ շարունակ նա գերեզմանոցում և սարերում աղաղակում էր ու ինքն իրեն քարերով ծեծում։ Սակայն երբ հեռվից Հիսուսին տեսավ, վազեց և երկրպագեց նրան և բարձրաձայն աղաղակելով՝ ասաց. «Ինձ հետ ի՞նչ ունես, Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո՛ւ Որդի։ Աստծով եմ քեզ երդվեցնում, ինձ մի՛ տանջիր». որովհետև Հիսուսն ասում էր նրան. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս արի այդ մարդու միջից»։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա պատասխանեց ու ասաց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»։ Եվ դևերը շատ էին աղաչում նրան, որ իրենց այդ տարածքից դուրս չուղարկեր։