Մարկոս 4:1-20

Մարկոս 4:1-20 ՆՎԱԱ

Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի մոտ։ Նրա շուրջը մեծ բազմություն հավաքվեց, դրա համար նա նավի մեջ նստեց, իսկ ողջ բազմությունը մնաց ցամաքում՝ լճի մոտ։ Նրանց շատ բաներ էր ուսուցանում առակներով և ասում. «Լսե՛ք. ահա սերմնացանը դուրս եկավ սերմ ցանելու։ Եվ սերմանելիս մի քանիսը ճանապարհի եզրին ընկան. երկնքի թռչունները եկան ու կերան դրանք։ Մյուսները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար. հողի խոր չլինելու պատճառով արագ բուսնեցին։ Բայց երբ արեգակը ծագեց, տաքացավ, արմատ չունենալու պատճառով չորացան։ Մեկ այլ մասը փշերի մեջ ընկավ. փշերը բարձրացան ու խեղդեցին դրանց, և պտուղ չտվեցին։ Մյուսները պարարտ հողի մեջ ընկան, բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեցին. մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն, մեկն էլ՝ հարյուր»։ Եվ ասում էր. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Երբ Հիսուսը մենակ մնաց, ովքեր նրա հետ էին, ինչպես նաև տասներկու աշակերտները, նրան հարցրին այդ առակի մասին։ Եվ նա ասաց նրանց. «Ձեզ տրված է, որ Աստծու արքայության խորհուրդն իմանաք, սակայն նրանց, որ դրսում են, ամեն բան առակներով է ներկայացվում, որպեսզի ինչքան էլ նայեն, չտեսնեն, ինչքան էլ լսեն, չիմանան. չլինի թե դարձի գան, ու նրանց մեղքերը ներվեն »։ Եվ նրանց ասաց. «Եթե այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս եք հասկանալու մյուս բոլոր առակները։ Սերմնացանը Աստծու խոսքն է սերմանում։ Ճանապարհի եզրին ընկածները նրանք են, որոնց մեջ սերմանվում է խոսքը, բայց երբ լսում են, սատանան իսկույն գալիս է և վերցնում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ Այդպես էլ քարքարոտ տեղում սերմանվածները նրանք են, որոնք երբ խոսքը լսում են, ուրախությամբ իսկույն ընդունում են այն։ Բայց իրենց մեջ արմատ չունեն և ժամանակավոր են։ Հետո երբ այդ խոսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն հրաժարվում են։ Փշերի մեջ սերմանվածները նրանք են, որոնք խոսքը լսում են, բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքը և ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում և անպտուղ են դարձնում։ Բայց պարարտ հողի մեջ սերմանվածները նրանք են, որոնք լսում են խոսքը, ընդունում և պտուղ են տալիս. մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն, մեկը՝ հարյուր»։