Մարկոս 2:18-28

Մարկոս 2:18-28 ՆՎԱԱ

Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ էին պահում։ Ոմանք նրա մոտ եկան ու ասացին. «Ինչո՞ւ են Հովհաննեսի ու փարիսեցիների աշակերտները ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է. ինչքան ժամանակ որ փեսան նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն։ Բայց օրեր կգան, և փեսան նրանց միջից կվերցվի. այդ օրերին էլ ծոմ կպահեն։ Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, այլապես նոր կարկատանը հին կտորը կքաշի, և պատռվածքն ավելի վատ կլինի։ Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի»։ Եվ այնպես եղավ, որ նա շաբաթ օրն անցնում էր արտերով, ու նրա աշակերտներն սկսեցին հասկ պոկելով գնալ։ Փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, շաբաթ օրով ի՛նչ են անում. օրինավոր չէ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք երբևէ չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ կարիքի մեջ էր, երբ սոված էին և՛ ինքը, և՛ իր հետ եղողները. ինչպե՛ս Աբիաթար քահանայապետի օրոք Աստծու տուն մտավ ու առաջավորության հացերը կերավ և իր հետ եղողներին էլ տվեց։ Այնինչ բացի քահանայից, ոչ ոքի համար օրինավոր չէր ուտելը»։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար։ Հետևաբար Մարդու Որդին շաբաթի՛ էլ տերն է»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում