Մարկոս 2:1-17

Մարկոս 2:1-17 ՆՎԱԱ

Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։ Անմիջապես այնքան շատ մարդիկ հավաքվեցին, որ դռան մոտ նույնիսկ տեղ չկար։ Եվ նա Աստծու խոսքն էր քարոզում նրանց։ Եվ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որին բռնել էին չորս հոգով։ Երբ ամբոխի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այն տան տանիքը, որտեղ նա էր, և անցք բաց անելով՝ իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։ Դպիրներից ոմանք նստած էին այնտեղ և իրենց մեջ մտածում էին. «Ինչպե՞ս է սա այդպես խոսում. հայհոյում է։ Ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն մեկը՝ Աստված»։ Եվ Հիսուսն իսկույն իր հոգում իմացավ, որ իրենց մտքում այդպես են մտածում, և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ձեր մտքում նման բաներ մտածում։ Ո՞րն է հեշտ. անդամալույծին ասել՝ "Քո մեղքերը ներված են քեզ", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քայլի՛ր"։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերին թողություն տալու իշխանություն ունի (անդամալույծին ասաց), ասում եմ քեզ՝ վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ, քո տո՛ւն գնա»։ Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչ բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։ Եվ դարձյալ գնաց դեպի լճի եզերքը. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։ Անցնելիս տեսավ Ալփեոսի որդի Ղևիին՝ մաքսատանը նստած, ու նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Հիսուսի հետևից։ Եվ երբ նրա տանը սեղան էր նստել, շատ մաքսավորներ ու մեղավորներ էին Հիսուսի ու նրա աշակերտների հետ ճաշի նստել, որովհետև շատ մարդիկ էին նրա հետևից գնում։ Բայց դպիրներն ու փարիսեցիները, տեսնելով, որ ուտում է մաքսավորների ու մեղավորների հետ, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։ Երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես եկել եմ ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում