Մարկոս 15:22-41

Մարկոս 15:22-41 ՆՎԱԱ

Եվ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ «Գագաթ» է նշանակում։ Նրան զմուռս խառնած գինի տվեցին, որ խմի, բայց նա չվերցրեց։ Ապա նրան խաչեցին և նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ի՛նչ պիտի վերցնի։ Երրորդ ժամն էր, երբ նրան խաչեցին։ Եվ գրված էր նրա հանցանքի պատճառը՝ «ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ Հիսուսի հետ խաչեցին երկու ավազակների. մեկին՝ նրա աջ կողմում, իսկ մյուսին՝ ձախ կողմում։ Այսպիսով կատարվեց Սուրբ Գրքում գրվածը, որ ասում էր. «Անօրենների շարքը դասվեց»։ Անցորդները հայհոյում էին նրան և իրենց գլուխները շարժելով՝ ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում։ Փրկի՛ր քո անձը ու իջի՛ր խաչից»։ Նույնպես էլ քահանայապետները դպիրների հետ իրար մեջ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, իր անձը չի կարողանում փրկել։ Ասում է՝ Քրիստոսն է՝ Իսրայելի թագավորը. թող հիմա խաչից իջնի, որ տեսնենք ու հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ էին նրան նախատում։ Վեցերորդ ժամին ամբողջ երկրի վրա խավարը տիրեց մինչև իններորդ ժամը։ Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» ։ Այնտեղ գտնվողներից ոմանք, երբ լսեցին այս, ասում էին. «Ահա Եղիային է կանչում»։ Մեկն առաջ վազեց, սպունգը քացախի մեջ թրջեց, եղեգի վրա դրեց և Հիսուսին տվեց, որ խմի, ասելով. «Թողեք տեսնենք՝ Եղիան կգա՞, որ նրան խաչից իջեցնի»։ Ապա Հիսուսը բարձր ձայն արձակեց ու հոգին ավանդեց։ Եվ տաճարի վարագույրը վերևից ներքև երկու մասի պատռվեց։ Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ՝ նրա դիմաց, տեսնելով, թե ինչպես Հիսուսն աղաղակելով հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես որ Աստծու Որդին էր»։ Այնտեղ կային նաև կանայք, որոնք հեռվից նայում էին։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի ու Հովսեսի մայրը՝ Մարիամը, և Սալոմեն։ Նրանք ևս, երբ Հիսուսը Գալիլեայում էր, գնում էին նրա հետևից ու ծառայում նրան։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որոնք նրա հետ Երուսաղեմ էին բարձրացել։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում