Մարկոս 15:1-39

Մարկոս 15:1-39 ՆՎԱԱ

Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի, դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին։ Պիղատոսը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Դո՛ւ ես ասում»։ Եվ քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում։ Պիղատոսը նրան դարձյալ հարցրեց ու ասաց. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տես ինչքա՛ն են քեզ ամբաստանում»։ Բայց Հիսուսը դարձյալ ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ։ Ամեն Զատկի տոնին Պիղատոսը նրանց համար մի բանտարկյալ էր արձակում, ում համար որ նրանք խնդրում էին։ Բարաբբա անունով մեկը կար՝ բանտարկված այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մարդ էին սպանել։ Ամբոխն սկսեց բարձրաձայն աղաղակել ու պահանջել, որ Պիղատոսն անի այն, ինչ միշտ անում էր իրենց համար։ Պիղատոսը նրանց հարցրեց. «Ուզո՞ւմ եք՝ հրեաների թագավորին արձակեմ ձեզ համար». որովհետև նա գիտեր, որ քահանայապետները նախանձից էին հանձնել նրան։ Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ պահանջեն՝ Բարաբբային իրենց համար արձակի։ Պիղատոսը դարձյալ հարցրեց նրանց ու ասաց. «Ապա ի՞նչ եք ուզում, որ անեմ նրան, ում հրեաների թագավոր եք ասում»։ Նրանք դարձյալ աղաղակեցին. «Խաչի՛ր նրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել»։ Սակայն նրանք ավելի ուժեղ էին աղաղակում. «Խաչի՛ր նրան»։ Քանի որ Պիղատոսը ցանկանում էր գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին խարազանել տվեց և հանձնեց նրանց, որ խաչը հանվի։ Զինվորները Հիսուսին տարան ներսի գավիթը, որտեղ դատարանն էր, և կանչեցին ամբողջ գնդին։ Նրան ծիրանի հագցրին ու գլխին փշերից հյուսված պսակ դրեցին։ Ապա սկսեցին նրան ողջույն տալ. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում նրա վրա և ծնկի գալով երկրպագում էին նրան։ Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին ծիրանին, իր հագուստները հագցրին և դուրս տարան, որպեսզի խաչեն նրան։ Եվ ստիպեցին մի անցորդի՝ Սիմոն Կյուրենացուն՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հորը, որը գալիս էր արտից, որ կրի Հիսուսի խաչափայտը։ Եվ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ «Գագաթ» է նշանակում։ Նրան զմուռս խառնած գինի տվեցին, որ խմի, բայց նա չվերցրեց։ Ապա նրան խաչեցին և նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ի՛նչ պիտի վերցնի։ Երրորդ ժամն էր, երբ նրան խաչեցին։ Եվ գրված էր նրա հանցանքի պատճառը՝ «ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ Հիսուսի հետ խաչեցին երկու ավազակների. մեկին՝ նրա աջ կողմում, իսկ մյուսին՝ ձախ կողմում։ Այսպիսով կատարվեց Սուրբ Գրքում գրվածը, որ ասում էր. «Անօրենների շարքը դասվեց»։ Անցորդները հայհոյում էին նրան և իրենց գլուխները շարժելով՝ ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում։ Փրկի՛ր քո անձը ու իջի՛ր խաչից»։ Նույնպես էլ քահանայապետները դպիրների հետ իրար մեջ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, իր անձը չի կարողանում փրկել։ Ասում է՝ Քրիստոսն է՝ Իսրայելի թագավորը. թող հիմա խաչից իջնի, որ տեսնենք ու հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ էին նրան նախատում։ Վեցերորդ ժամին ամբողջ երկրի վրա խավարը տիրեց մինչև իններորդ ժամը։ Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» ։ Այնտեղ գտնվողներից ոմանք, երբ լսեցին այս, ասում էին. «Ահա Եղիային է կանչում»։ Մեկն առաջ վազեց, սպունգը քացախի մեջ թրջեց, եղեգի վրա դրեց և Հիսուսին տվեց, որ խմի, ասելով. «Թողեք տեսնենք՝ Եղիան կգա՞, որ նրան խաչից իջեցնի»։ Ապա Հիսուսը բարձր ձայն արձակեց ու հոգին ավանդեց։ Եվ տաճարի վարագույրը վերևից ներքև երկու մասի պատռվեց։ Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ՝ նրա դիմաց, տեսնելով, թե ինչպես Հիսուսն աղաղակելով հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես որ Աստծու Որդին էր»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում