Մարկոս 14:18-31

Մարկոս 14:18-31 ՆՎԱԱ

Մինչ սեղան էին նստել և ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը, ով ինձ հետ ուտում է, կմատնի ինձ»։ Նրանք տրտմեցին ու սկսեցին մեկը մյուսի հետևից նրան հարցնել. «Մի՞թե ես եմ», և մյուսը՝ «Մի՞թե ես եմ»։ Հիսուսն ասաց նրանց. «Տասներկուսիցդ նա, ով ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։ Արդարև, Մարդու Որդին կգնա, ինչպես նրա մասին գրված է. սակայն վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնելով՝ նրանց տվեց, և բոլորն էլ խմեցին դրանից։ Եվ նրանց ասաց. «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ նորը կխմեմ Աստծու արքայության մեջ»։ Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ գայթակղվելու եք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և ոչխարները կցրվեն"։ Բայց իմ հարություն առնելուց հետո ձեզանից առաջ Գալիլեա կգնամ»։ Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ես չեմ գայթակղվի»։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այսօր՝ հենց այս գիշեր, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Բայց Պետրոսն առավել ևս պնդում էր և ասում. «Ես քեզ չեմ ուրանա, եթե նույնիսկ հարկ լինի քեզ հետ մեռնել»։ Նույնը նաև բոլորն էին ասում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում