Մարկոս 14:10-52

Մարկոս 14:10-52 ՆՎԱԱ

Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, քահանայապետների մոտ գնաց, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։ Երբ նրանք լսեցին, ուրախացան ու խոստացան նրան արծաթադրամ տալ։ Եվ Հուդան հարմար առիթ էր փնտրում, թե ինչպե՛ս մատներ նրան։ Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտներն ասացին Հիսուսին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը, որ գնանք պատրաստենք»։ Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք քաղաք, և ջրով սափորը ձեռքին մի մարդ կհանդիպի ձեզ. գնացե՛ք նրա հետևից։ Եվ ուր որ մտնի, այդ տան տիրոջն ասե՛ք. "Վարդապետն ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը"։ Նա ձեզ մի մեծ վերնատուն ցույց կտա՝ հարդարված, պատրաստ. այնտե՛ղ կպատրաստեք մեզ համար»։ Աշակերտները գնացին քաղաք ու ամեն ինչ գտան այնպես, ինչպես իրենց ասել էր Հիսուսը, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ եկավ։ Մինչ սեղան էին նստել և ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը, ով ինձ հետ ուտում է, կմատնի ինձ»։ Նրանք տրտմեցին ու սկսեցին մեկը մյուսի հետևից նրան հարցնել. «Մի՞թե ես եմ», և մյուսը՝ «Մի՞թե ես եմ»։ Հիսուսն ասաց նրանց. «Տասներկուսիցդ նա, ով ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։ Արդարև, Մարդու Որդին կգնա, ինչպես նրա մասին գրված է. սակայն վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնելով՝ նրանց տվեց, և բոլորն էլ խմեցին դրանից։ Եվ նրանց ասաց. «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ նորը կխմեմ Աստծու արքայության մեջ»։ Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ գայթակղվելու եք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և ոչխարները կցրվեն"։ Բայց իմ հարություն առնելուց հետո ձեզանից առաջ Գալիլեա կգնամ»։ Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ես չեմ գայթակղվի»։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այսօր՝ հենց այս գիշեր, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Բայց Պետրոսն առավել ևս պնդում էր և ասում. «Ես քեզ չեմ ուրանա, եթե նույնիսկ հարկ լինի քեզ հետ մեռնել»։ Նույնը նաև բոլորն էին ասում։ Եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև աղոթեմ»։ Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին. սկսեց տագնապել ու տխրել։ Այդժամ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու արթո՛ւն կացեք»։ Եվ փոքր-ինչ առաջ գնաց, երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, այդ ժամն իրենից հեռանա։ Եվ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակն ինձանից հեռացրո՛ւ, բայց թող չլինի, ինչպես որ ես եմ կամենում, այլ ինչպես որ դու»։ Ապա Հիսուսը եկավ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մի ժամ արթուն մնալ։ Արթո՛ւն կացեք ու աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ Եվ դարձյալ գնաց, աղոթեց՝ նույն խոսքերն ասելով։ Վերադարձավ և նրանց կրկին քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, ու չգիտեին՝ նրան ի՛նչ պատասխանեին։ Երրորդ անգամ եկավ ու նրանց ասաց. «Դուք դեռ քնա՞ծ եք և հանգստանո՞ւմ եք։ Բավական է։ Ժամը եկավ, և ահա Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ Վե՛ր կացեք գնանք. ահա ինձ մատնողը մոտեցավ»։ Եվ շուտով, երբ նա դեռ խոսում էր, եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ կար սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ Նրան մատնողը նրանց նշան էր տվել և ասել. «Ում համբուրեմ, նա է. նրան բռնե՛ք ու զգուշությամբ տարե՛ք»։ Հուդան իսկույն եկավ, մոտեցավ նրան ու ասաց. «Ռա՛բբի, Ռա՛բբի», և նրան համբուրեց։ Նրանք բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ Ապա նրա մոտ գտնվողներից մեկը սուրը քաշեց, զարկեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։ Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով իմ դեմ ելաք որպես ավազակի՞, որ ձերբակալեք ինձ։ Ամեն օր ձեզ մոտ էի, ուսուցանում էի տաճարում, և ինձ չձերբակալեցիք. բայց այսպես եղավ, որպեսզի կատարվեն գրվածքները»։ Եվ ամենքը նրան թողեցին ու փախան։ Մի երիտասարդ էր նրա հետևից գնում՝ մերկ մարմնին սավան փաթաթած։ Նրան բռնեցին։ Իսկ նա սավանը թողեց ու մերկ փախավ նրանցից։