Մարկոս 14:10-26

Մարկոս 14:10-26 ՆՎԱԱ

Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, քահանայապետների մոտ գնաց, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։ Երբ նրանք լսեցին, ուրախացան ու խոստացան նրան արծաթադրամ տալ։ Եվ Հուդան հարմար առիթ էր փնտրում, թե ինչպե՛ս մատներ նրան։ Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտներն ասացին Հիսուսին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը, որ գնանք պատրաստենք»։ Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք քաղաք, և ջրով սափորը ձեռքին մի մարդ կհանդիպի ձեզ. գնացե՛ք նրա հետևից։ Եվ ուր որ մտնի, այդ տան տիրոջն ասե՛ք. "Վարդապետն ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը"։ Նա ձեզ մի մեծ վերնատուն ցույց կտա՝ հարդարված, պատրաստ. այնտե՛ղ կպատրաստեք մեզ համար»։ Աշակերտները գնացին քաղաք ու ամեն ինչ գտան այնպես, ինչպես իրենց ասել էր Հիսուսը, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ եկավ։ Մինչ սեղան էին նստել և ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը, ով ինձ հետ ուտում է, կմատնի ինձ»։ Նրանք տրտմեցին ու սկսեցին մեկը մյուսի հետևից նրան հարցնել. «Մի՞թե ես եմ», և մյուսը՝ «Մի՞թե ես եմ»։ Հիսուսն ասաց նրանց. «Տասներկուսիցդ նա, ով ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։ Արդարև, Մարդու Որդին կգնա, ինչպես նրա մասին գրված է. սակայն վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնելով՝ նրանց տվեց, և բոլորն էլ խմեցին դրանից։ Եվ նրանց ասաց. «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ նորը կխմեմ Աստծու արքայության մեջ»։ Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում