Մարկոս 11:12-25

Մարկոս 11:12-25 ՆՎԱԱ

Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։ Հիսուսն ասաց թզենուն. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Նրա աշակերտները լսում էին։ Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնեվաճառների աթոռները։ Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր։ Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝ "Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի" ։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։ Առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին՝ արմատից չորացած։ Եվ Պետրոսը հիշեց ու ասաց նրան. «Ռա՛բբի, տե՛ս այն թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Աստծու հանդեպ հավա՛տ ունեցեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով այս լեռանն ասի. "Ե՛լ ու ծո՛վն ընկիր", ու իր սրտում չերկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է, կլինի, արդ ինչ որ ասի, կլինի։ Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում