Մարկոս 11:12-19

Մարկոս 11:12-19 ՆՎԱԱ

Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։ Հիսուսն ասաց թզենուն. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Նրա աշակերտները լսում էին։ Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնեվաճառների աթոռները։ Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր։ Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝ "Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի" ։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։