Մարկոս 10:35-45

Մարկոս 10:35-45 ՆՎԱԱ

Եվ Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտեցան նրան ու ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք, որ այն, ինչ քեզանից խնդրելու ենք, անես մեզ համար»։ Հիսուսը հարցրեց նրանց. «Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ համար անեմ»։ Նրանք ասացին նրան. «Մեզ շնո՛րհ արա, որ քո փառքի մեջ մեկս քո աջ կողմում նստի, մյուսս՝ քո ձախ կողմում»։ Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք այն բաժակը խմել, որ ես եմ խմելու, կամ այն մկրտությամբ մկրտվել, որով ես եմ մկրտվելու»։ Նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես եմ խմելու, կխմեք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, կմկրտվեք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստելը ե՛ս չեմ տալիս, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Երբ մնացած տասը աշակերտները լսեցին այս, սկսեցին Հակոբոսի ու Հովհաննեսի վրա բարկանալ։ Հիսուսը նրանց իր մոտ կանչեց ու ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ ովքեր իշխան են համարվում, տիրում են նրանց, և նրանց մեծամեծները իշխում են նրանց վրա։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի։ Եվ ձեզանից ով ուզում է առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի։ Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում