Մարկոս 10:13-27

Մարկոս 10:13-27 ՆՎԱԱ

Հիսուսի մոտ երեխաների էին բերում, որ օրհնի նրանց, բայց աշակերտները սաստում էին բերողներին։ Բայց երբ Հիսուսը տեսավ, բարկացավ ու նրանց ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, ու մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունը երեխայի պես չընդունի, նրա մեջ չի մտնի»։ Եվ նրանց գիրկն առավ, ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։ Հիսուսը պատրաստվում էր ճանապարհ ընկնել, երբ մեկը վազելով մոտեցավ, ծնկի գալով՝ նրան հարցրեց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ "բարի" անվանում. ոչ ոք բարի չէ, բացի միայն մեկից՝ Աստծուց։ Պատվիրանները գիտես. "Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, ուրիշի ունեցածը մի՛ խլիր, քո հորն ու մորը պատվի՛ր" »։ Իսկ նա պատասխանեց. «Վարդապե՛տ, այդ բոլորն իմ մանկությունից ի վեր պահել եմ»։ Հիսուսը սիրալիր նայեց նրան ու ասաց. «Քեզ մի բան է պակասում։ Եթե կամենում ես, գնա՛, ինչ որ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս։ Վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։ Բայց նա, այդ խոսքից մռայլվելով, տրտմած գնաց, որովհետև մեծ ունեցվածքի տեր էր։ Եվ Հիսուսը, շուրջը նայելով, իր աշակերտներին ասաց. «Որքա՜ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայությունը մտնել»։ Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Սակայն Հիսուսն ասաց նրանց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայությունը մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը հարստության վրա են դրել։ Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայությունը մտնի»։ Աշակերտներն ավելի էին զարմանում և միմյանց ասում. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։ Հիսուսը նրանց նայեց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ո՛չ Աստծու համար։ Աստծու համար ամեն ինչ է հնարավոր»։