Մարկոս 1:21-45

Մարկոս 1:21-45 ՆՎԱԱ

Եվ մտան Կափառնաում։ Հենց շաբաթ օրը նա ժողովարան մտավ և ուսուցանում էր։ Եվ նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև իբրև իշխանություն ունեցող էր ուսուցանում նրանց, այլ ոչ թե դպիրների պես։ Ժողովարանում պիղծ ոգով բռնված մի մարդ կար. նա աղաղակեց ու ասաց. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս Նազովրեցի։ Մեզ կորստյան մատնելո՞ւ եկար։ Գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբը»։ Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր և դրա միջից դո՛ւրս արի»։ Պիղծ ոգին նրան սաստիկ թափահարեց ու բարձրաձայն գոչելով՝ նրա միջից դուրս եկավ։ Բոլորը զարմացան. իրար մեջ խոսում էին ու ասում. «Սա ի՞նչ է, ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, ու հնազանդվում են նրան»։ Եվ նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի ու Հովհաննեսի հետ Սիմոնի ու Անդրեասի տուն եկան։ Սիմոնի զոքանչը տենդի մեջ պառկած էր։ Իսկույն նրա մասին ասացին Հիսուսին։ Նա մոտեցավ, ձեռքից բռնելով նրան ոտքի կանգնեցրեց, և տենդն իսկույն թողեց նրան։ Եվ ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ, արեգակի մայր մտնելու ժամանակ բոլոր հիվանդներին և դիվահարներին նրա մոտ բերեցին։ Քաղաքի բոլոր բնակիչները դռան առաջ էին հավաքվել։ Տարբեր ցավերով տառապող շատ հիվանդների բժշկեց ու շատ դևեր հանեց։ Եվ դևերին թույլ չէր տալիս, որ խոսեին, որովհետև նրան գիտեին։ Վաղ առավոտյան՝ լույսը դեռ չբացված, վեր կացավ, դուրս եկավ, մի ամայի տեղ գնաց ու այնտեղ աղոթում էր։ Սիմոնն ու նրա հետ եղողները նրա հետևից գնացին։ Եվ երբ նրան գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»։ Նրանց ասաց. «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել»։ Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում։ Հիսուսի մոտ մի բորոտ եկավ. ծնկի իջած աղաչում էր և ասում. «Եթե ուզես, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուսը գթալով ձեռքը մեկնեց, նրան դիպավ ու ասաց. «Ուզում եմ, մաքրվի՛ր»։ Երբ ասաց նրան, բորոտությունն իսկույն վերացավ նրա վրայից, և նա մաքրվեց։ Եվ նրան անմիջապես դուրս հանելով՝ հորդորեց ու ասաց. «Զգո՛ւյշ կաց, ոչ ոքի ոչինչ չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային ու քո մաքրվելու համար մատուցի՛ր այն, ինչ Մովսեսն է հրամայել՝ որպես դրա վկայություն»։ Իսկ նա, դուրս գնալով, սկսեց այդ ամենը պատմել ու տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ մտնել քաղաք, այլ դրսում՝ ամայի տեղերում էր լինում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից նրա մոտ էր գալիս։