Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը։
Ինչպես գրել են մարգարեները.
«Ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առաջից,
որ քո ճանապարհը պատրաստի քո առաջ» ։
«Անապատում կանչողի ձայնն է.
"Տիրոջ ճանապա՛րհը պատրաստեք
ու նրա շավիղներն ուղի՛ղ արեք"» ։
Հովհաննեսն անապատում մկրտում էր ու մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզում։ Նրա մոտ էին գնում Հրեաստանի բոլոր բնակիչները և երուսաղեմցիները։ Նրանք Հորդանան գետում Հովհաննեսից մկրտվում էին՝ իրենց մեղքերը խոստովանելով։ Հովհաննեսն ուղտի մազից հագուստ էր հագել, կաշվե գոտի ուներ իր մեջքին, մորեխ ու վայրի մեղր էր ուտում։ Եվ քարոզելով ասում էր. «Իմ հետևից գալիս է ինձանից ավելի զորավորը, որին ես արժանի չեմ խոնարհվելու և կոշիկների կապերն արձակելու։ Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտի ձեզ»։
Այն օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթից եկավ և Հորդանանում Հովհաննեսի ձեռքով մկրտվեց։ Եվ անմիջապես, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը ճեղքված ու Աստծու Հոգին, որ աղավնակերպ իր վրա էր իջնում։ Եվ երկնքից ձայն լսվեց. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։
Եվ իսկույն Հոգին նրան անապատ տարավ։ Նա այնտեղ մնաց քառասուն օր և սատանայից փորձության ենթարկվեց. ապրում էր գազանների հետ, ու հրեշտակները ծառայում էին նրան։
Հովհաննեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա. քարոզում էր Աստծու թագավորության Ավետարանն ու ասում. «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին»։
Գալիլեայի լճափով անցնելիս տեսավ Սիմոնին ու նրա եղբայր Անդրեասին, որոնք լճի մեջ ուռկան էին գցում, որովհետև ձկնորս էին։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, ու ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։ Նրանք անմիջապես իրենց ուռկանները թողեցին ու նրան հետևեցին։ Փոքր-ինչ առաջանալով՝ տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք ևս նավի վրա ուռկաններ էին կարգի բերում. նրանց էլ իսկույն կանչեց։ Նրանք, իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ նավի վրա թողնելով, նրան հետևեցին։
Եվ մտան Կափառնաում։ Հենց շաբաթ օրը նա ժողովարան մտավ և ուսուցանում էր։ Եվ նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև իբրև իշխանություն ունեցող էր ուսուցանում նրանց, այլ ոչ թե դպիրների պես։
Ժողովարանում պիղծ ոգով բռնված մի մարդ կար. նա աղաղակեց ու ասաց. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս Նազովրեցի։ Մեզ կորստյան մատնելո՞ւ եկար։ Գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբը»։ Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր և դրա միջից դո՛ւրս արի»։ Պիղծ ոգին նրան սաստիկ թափահարեց ու բարձրաձայն գոչելով՝ նրա միջից դուրս եկավ։ Բոլորը զարմացան. իրար մեջ խոսում էին ու ասում. «Սա ի՞նչ է, ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, ու հնազանդվում են նրան»։ Եվ նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։
Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի ու Հովհաննեսի հետ Սիմոնի ու Անդրեասի տուն եկան։ Սիմոնի զոքանչը տենդի մեջ պառկած էր։ Իսկույն նրա մասին ասացին Հիսուսին։ Նա մոտեցավ, ձեռքից բռնելով նրան ոտքի կանգնեցրեց, և տենդն իսկույն թողեց նրան։ Եվ ծառայում էր նրանց։
Երբ երեկո եղավ, արեգակի մայր մտնելու ժամանակ բոլոր հիվանդներին և դիվահարներին նրա մոտ բերեցին։ Քաղաքի բոլոր բնակիչները դռան առաջ էին հավաքվել։ Տարբեր ցավերով տառապող շատ հիվանդների բժշկեց ու շատ դևեր հանեց։ Եվ դևերին թույլ չէր տալիս, որ խոսեին, որովհետև նրան գիտեին։
Վաղ առավոտյան՝ լույսը դեռ չբացված, վեր կացավ, դուրս եկավ, մի ամայի տեղ գնաց ու այնտեղ աղոթում էր։ Սիմոնն ու նրա հետ եղողները նրա հետևից գնացին։ Եվ երբ նրան գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»։ Նրանց ասաց. «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել»։ Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում։
Հիսուսի մոտ մի բորոտ եկավ. ծնկի իջած աղաչում էր և ասում. «Եթե ուզես, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուսը գթալով ձեռքը մեկնեց, նրան դիպավ ու ասաց. «Ուզում եմ, մաքրվի՛ր»։ Երբ ասաց նրան, բորոտությունն իսկույն վերացավ նրա վրայից, և նա մաքրվեց։ Եվ նրան անմիջապես դուրս հանելով՝ հորդորեց ու ասաց. «Զգո՛ւյշ կաց, ոչ ոքի ոչինչ չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային ու քո մաքրվելու համար մատուցի՛ր այն, ինչ Մովսեսն է հրամայել՝ որպես դրա վկայություն»։ Իսկ նա, դուրս գնալով, սկսեց այդ ամենը պատմել ու տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ մտնել քաղաք, այլ դրսում՝ ամայի տեղերում էր լինում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից նրա մոտ էր գալիս։