ՄԻՔԻԱ 6
6
Տիրոջ դատն Իսրայելի դեմ
1Հիմա լսե՛ք Տիրոջ ասածը. «Վե՛ր կաց, դա՛տ արա լեռների առաջ, և թող բլուրները լսեն քո ձայնը»։ 2Լսե՛ք, լեռնե՛ր, Տիրոջ դատը, նաև դուք, երկրի հաստատո՛ւն հիմքեր, որովհետև Տերը դատ ունի իր ժողովրդի հետ և Իսրայելի հետ պիտի վիճի։
3Ո՛վ իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, ես քեզ ինչո՞վ եմ հոգնեցրել, պատասխանի՛ր ինձ։ 4Որովհետև ես քեզ Եգիպտոսի երկրից հանել եմ, ստրկության տնից քեզ փրկեցի, քո առաջ եմ ուղարկել Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։ 5Ո՛վ իմ ժողովուրդ, հապա հիշի՛ր, թե ի՛նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագավորը, և նրան ինչ պատասխան տվեց Բեովրի որդի Բաղաամը, ինչ որ պատահեց Սատիմից մինչև Գաղգաղա, որպեսզի գիտենաք Տիրոջ արդար գործերը։
Ի՞նչ է պահանջում Տերը
6Ես ինչո՞վ ներկայանամ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծու առաջ. արդյոք ներկայանամ ողջակեզներո՞վ, մեկ տարեկան հորթերո՞վ։ 7Մի՞թե Տերը կգոհանա հազարավոր խոյերով կամ յուղի բյուրավոր գետերով, արդյոք իմ անդրանի՞կը կտամ իմ հանցանքի դիմաց, իմ որովայնի պտո՞ւղը՝ իմ հոգու մեղքի դիմաց։
8Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։
9Իմաստություն է քո անունից երկյուղելը. Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, նա փրկելու է նրանց, ովքեր երկյուղում են նրա անունից, լսե՛ք, ո՛վ տոհմ և քաղաքի հավաք։ 10Դեռ ինչքա՞ն պիտի անօրեններն իրենց տներում հավաքեն խաբեությամբ ձեռք բերված գանձեր, դեռ ինչքա՞ն պիտի օգտագործեն թերի չափեր։ 11Ես մի՞թե մաքուր կհամարեմ անօրենության կշռավորին և խարդախ կշռաքարերի քսակավորին։ 12Նրա հարուստները լի են բռնությամբ, նրա բնակիչները՝ ստախոս, և նրանց բերանում խաբեբա լեզու կա։ 13Ուստի ես էլ քեզ հարվածելով հյուծելու եմ և ավերակ եմ դարձնելու քո մեղքերի պատճառով։ 14Դու պիտի ուտես ու չկշտանաս և միշտ սով պիտի զգաս, դու պիտի ջանաս քո բարիքը տեղափոխել ապահով վայր։ Եվ ինչ որ ազատես, սրի պիտի մատնեմ։ 15Դու պիտի սերմանես, բայց չհնձես, դու ձիթապտուղ պիտի տրորես, բայց յուղով չես օծվի, քաղցու պիտի անես, բայց գինի չես խմի։ 16Պահել ես Ամրիի կանոնները և Աքաաբի տան բոլոր գործերը և ընթանում ես նրա խորհուրդներով, որպեսզի քեզ ամայացնեմ, նրա բնակիչներին ֆշշոցի առարկա դարձնեմ, և դուք պիտի կրեք իմ ժողովրդի նախատինքը։
Արդեն Ընտրված.
ՄԻՔԻԱ 6: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018