Մատթեոս 8:28-34

Մատթեոս 8:28-34 ՆՎԱԱ

Երբ անցավ լճի մյուս կողմը՝ գադարացիների երկիրը, նրան պատահեցին երկու դիվահարներ, որոնք գալիս էին գերեզմաններից։ Նրանք այնքան ահազդու էին, որ որևէ մեկը չէր կարողանում այդ ճանապարհով անցնել։ Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Աստծո՛ւ Որդի։ Այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»։ Եվ նրանցից հեռու խոզերի մի երամակ էր արածում։ Դևերը նրան աղաչում էին ու ասում. «Եթե մեզ հանես, այն խոզերի երամակի մե՛ջ ուղարկիր»։ Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք», և դևերը դուրս ելան ու խոզերի մեջ գնացին։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը վազեց, և ջրի մեջ խեղդվեցին։ Իսկ խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարների հետ պատահածը։ Եվ ահա ողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ դուրս ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։