Մատթեոս 8:18-27

Մատթեոս 8:18-27 ՆՎԱԱ

Երբ Հիսուսը տեսավ իրեն շրջապատող ժողովրդի մեծ բազմությունը, աշակերտներին կարգադրեց լճի մյուս կողմն անցնել։ Նրան մոտեցավ մի դպիր և ասաց. «Վարդապե՛տ, ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ գնաս»։ Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին իր գլուխը դնելու տեղ չունի»։ Նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ՝ գնամ նախ հորս թաղեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Արի՛ իմ հետևից և թո՛ղ մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին»։ Երբ Հիսուսը նավ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում էր ալիքներով։ Իսկ նա քնած էր։ Աշակերտները մոտենալով արթնացրին նրան ու ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորչում ենք»։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և կատարյալ խաղաղություն եղավ։ Իսկ մարդիկ զարմացան և ասում էին. «Ի՞նչ տեսակ մարդ է սա, որ հողմերն ու լիճն էլ են հնազանդվում նրան»։