Երբ Հիսուսն իջավ լեռան վրայից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ Ահա մոտեցավ մի բորոտ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուսը, ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն՝ ընծա՛ մատուցիր նրանց, ինչպես որ Մովսեսն է պատվիրել»։
Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սարսափելի տառապում է»։ Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ, կբժշկեմ նրան»։ Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է»։ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։ Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայության մեջ կնստեն, իսկ արքայության որդիները կգցվեն դուրս՝ արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց»։ Եվ Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ»։ Եվ այդ պահին նրա ծառան բժշկվեց։
Երբ Հիսուսը Պետրոսի տուն եկավ, տեսավ նրա զոքանչին՝ ջերմության մեջ պառկած։ Հիսուսը բռնեց նրա ձեռքից, ու ջերմությունը նրան թողեց։ Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ շատ դիվահարների բերեցին, և նա խոսքով հանեց ոգիներին ու բոլոր հիվանդներին բժշկեց, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
«Նա մեր հիվանդությունները վերցրեց
ու մեր ցավերը կրեց» ։