Մատթեոս 6:19-34

Մատթեոս 6:19-34 ՆՎԱԱ

Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Մարմնի ճրագն աչքն է. արդ, եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքա՜ն առավել կլինի։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։ Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։ Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։ Ձեզանից ո՞վ կարող է հոգալով իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգում. նայե՛ք վայրի շուշաններին՝ ինչպե՛ս են աճում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։ Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։

Մատթեոս 6:19-34 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր