Մատթեոս 5:21-48

Մատթեոս 5:21-48 ՆՎԱԱ

Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Մի՛ սպանիր" . իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։ Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը "հիմար" ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը "անմիտ" ասի, գեհենի կրակին կդատապարտվի։ Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր։ Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես։ Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Մի՛ շնանա" ։ Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։ Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։ Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։ Ասվել է նաև. "Ով իր կնոջն արձակում է, թող նրան արձակման թուղթ տա" ։ Բայց ես ասում եմ ձեզ. ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։ Դարձյալ լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Սուտ մի՛ երդվիր, բայց կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը" ։ Սակայն ես ասում եմ ձեզ. բնավ մի՛ երդվիր ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է, ո՛չ երկրով, քանի որ նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, որ մեծ Թագավորի քաղաքն է։ Ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև մի մազ անգամ չես կարող սպիտակ կամ սև դարձնել։ Ձեր խոսքը թող լինի "այո"-ն "այո", և "ոչ"-ը՝ "ոչ". սրանից ավելին չարից է։ Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ" ։ Բայց ես ասում եմ ձեզ. չարին հակառակ մի՛ կանգնիր, այլ ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու։ Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և շապիկդ առնել, բաճկո՛նդ էլ տուր նրան։ Եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ Ով քեզանից խնդրում է, տո՛ւր, ով քեզանից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։ Լսել եք, թե ի՛նչ ասվեց. " Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես թշնամուդ"։ Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։ Որովհետև եթե ձեզ սիրողների՛ն սիրեք, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում։ Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում