Մատթեոս 5:1-20

Մատթեոս 5:1-20 ՆՎԱԱ

Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։ Եվ նա, բերանը բացելով, ուսուցանում էր նրանց ու ասում. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։ Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։ Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։ Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։ Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Մի՛ կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում