Մատթեոս 27:57-66

Մատթեոս 27:57-66 ՆՎԱԱ

Երբ երեկո եղավ, Արիմաթեայից Հովսեփ անունով մի հարուստ մարդ եկավ։ Նա ևս աշակերտել էր Հիսուսին։ Սա Պիղատոսի մոտ գնաց ու Հիսուսի մարմինը խնդրեց։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ Հովսեփը, մարմինը վերցնելով, մաքուր կտավով պատանեց ու դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր ժայռի մեջ։ Նա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց և գնաց։ Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը՝ գերեզմանի դիմաց նստած։ Եվ ուրբաթին հաջորդող օրը քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը երբ դեռ կենդանի էր, ասում էր. "Երեք օր հետո հարություն պիտի առնեմ"։ Արդ հրամայի՛ր, որ մինչև երրորդ օրը գերեզմանն զգուշությամբ պահպանվի. գուցե նրա աշակերտները գիշերով գան, նրան գողանան ու ժողովրդին ասեն. "Մեռելներից հարություն առավ"։ Այդ վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։ Պիղատոսը նրանց ասաց. «Պահապան զինվորներ ունեք. գնացե՛ք, զգո՛ւյշ հսկեք, ինչպես որ գիտեք»։ Նրանք գնացին, գերեզմանին հսկողություն սահմանեցին՝ քարը կնքելով և պահակազոր կարգելով։