Մատթեոս 27:33-56

Մատթեոս 27:33-56 ՆՎԱԱ

Երբ հասան Գողգոթա կոչված տեղը, որ «Գագաթ» է նշանակում, Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին խմելու, և համտեսելով՝ չուզեց խմել։ Ապա նրան խաչը հանեցին և բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Իմ զգեստներն իրար մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ Եվ նստել էին այնտեղ՝ Հիսուսին հսկելու։ Նրա գլխավերևում դրեցին նրա հանցանքի գրությունը. «ՍԱ Է ՀԻՍՈՒՍԸ՝ ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ Այդ ժամանակ Հիսուսի հետ խաչվեցին նաև երկու ավազակներ. մեկը՝ նրա աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ։ Եվ անցորդները հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները և ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում վերաշինող, փրկի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդին ես, իջի՛ր խաչից»։ Նույն կերպ էլ քահանայապետներն էին դպիրների ու ծերերի հետ ծաղրում նրան ու ասում. «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել։ Եթե Իսրայելի թագավորն է, թող հիմա խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։ Ապավինեց Աստծուն. այժմ թող փրկի նրան, եթե նրան կամենում է, որովհետև ասում էր՝ "Աստծու Որդին եմ"»։ Նույն կերպ էլ նրա հետ խաչված ավազակներն էին նախատում նրան։ Վեցերորդ ժամից ամբողջ երկրի վրա խավար իջավ մինչև իններորդ ժամը։ Իսկ իններորդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» ։ Այնտեղ կանգնածներից ոմանք երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ Եվ նրանցից մեկն իսկույն վազեց, մի սպունգ վերցրեց, քացախի մեջ թաթախեց, անցկացրեց եղեգի վրա ու նրան տվեց, որ խմի։ Իսկ մյուսներն ասում էին. «Հիմա տեսնենք, թե Եղիան կգա՞ նրան փրկելու»։ Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը վերից վար երկու մասի պատռվեց. երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին։ Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան։ Ու գերեզմաններից դուրս ելնելով՝ Հիսուսի հարությունից հետո մտան սուրբ քաղաքը և շատերին հայտնվեցին։ Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ հսկում էին Հիսուսին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Իսկապես որ սա Աստծու Որդին էր»։ Այնտեղ բազում կանայք կային, որ հեռվից նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեփի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում