Մատթեոս 27:11-25

Մատթեոս 27:11-25 ՆՎԱԱ

Հիսուսը կանգնեց կառավարչի առաջ։ Կառավարիչը նրան հարցրեց ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ես ասում»։ Եվ երբ քահանայապետների ու ծերերի կողմից ամբաստանվում էր, ոչինչ չպատասխանեց։ Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե քո դեմ որքա՛ն բաներ են վկայում»։ Եվ նա ոչինչ չպատասխանեց նրան, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։ Սովորույթի համաձայն՝ Զատկի տոնին կառավարիչը թույլ էր տալիս ժողովրդի համար մի բանտարկյալ արձակել, ում նրանք ուզեին։ Այդ ժամանակ մի հայտնի բանտարկյալ կար, անունը՝ Բարաբբա։ Արդ, երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Որովհետև գիտեր, որ նրան նախանձից էին մատնել։ Մինչ նա ատյան էր նստել, կինը նրա մոտ մարդ ուղարկեց ու ասաց. «Ոչինչ չանե՛ս այդ արդար մարդու դեմ, որովհետև այսօր երազիս մեջ նրա պատճառով շատ չարչարվեցի»։ Սակայն քահանայապետներն ու ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային պահանջեն, իսկ Հիսուսին սպանեն։ Իսկ կառավարիչը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին՝ Բարաբբային։ Պիղատոսը նրանց ասաց. «Հապա ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Բոլորն ասացին. «Թող խաչվի՛»։ Եվ կառավարիչն ասաց. «Իսկ ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Թող խաչվի՛»։ Երբ Պիղատոսը տեսավ, որ օգուտ չկա, այլ է՛լ ավելի է խռովություն բարձրանում, ջուր վերցրեց, ձեռքերը ժողովրդի առաջ լվաց ու ասաց. «Ես այդ արդարի արյան համար մեղք չունեմ, դո՛ւք եք տեսնում»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Նրա արյունը մեզ ու մեր զավակների վրա է»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում