Մատթեոս 27:1-31

Մատթեոս 27:1-31 ՆՎԱԱ

Երբ առավոտ եղավ, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը Հիսուսի դեմ խորհուրդ գումարեցին, որպեսզի նրան սպանեն։ Նրան կապեցին և տարան ու Պոնտացի Պիղատոս կուսակալին հանձնեցին։ Այդ ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և երեսուն արծաթը քահանայապետներին ու ծերերին վերադարձրեց՝ ասելով. «Մեղանչեցի, որովհետև անմեղ արյուն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։ Եվ նա արծաթը տաճարի մեջ նետեց ու հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։ Քահանայապետները, վերցնելով արծաթը, ասացին. «Օրինավոր չէ դրանք գանձանակի մեջ գցել, որովհետև արյան գին են»։ Եվ խորհրդակցելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպես օտարականների գերեզմանատեղի։ Դրա համար այդ ագարակը մինչ օրս կոչվում է «Արյան ագարակ»։ Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. «Վերցրին երեսուն արծաթը՝ այն գինը, որ գնահատել էին Իսրայելի որդիները, և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր»։ Հիսուսը կանգնեց կառավարչի առաջ։ Կառավարիչը նրան հարցրեց ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ես ասում»։ Եվ երբ քահանայապետների ու ծերերի կողմից ամբաստանվում էր, ոչինչ չպատասխանեց։ Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե քո դեմ որքա՛ն բաներ են վկայում»։ Եվ նա ոչինչ չպատասխանեց նրան, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։ Սովորույթի համաձայն՝ Զատկի տոնին կառավարիչը թույլ էր տալիս ժողովրդի համար մի բանտարկյալ արձակել, ում նրանք ուզեին։ Այդ ժամանակ մի հայտնի բանտարկյալ կար, անունը՝ Բարաբբա։ Արդ, երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Որովհետև գիտեր, որ նրան նախանձից էին մատնել։ Մինչ նա ատյան էր նստել, կինը նրա մոտ մարդ ուղարկեց ու ասաց. «Ոչինչ չանե՛ս այդ արդար մարդու դեմ, որովհետև այսօր երազիս մեջ նրա պատճառով շատ չարչարվեցի»։ Սակայն քահանայապետներն ու ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային պահանջեն, իսկ Հիսուսին սպանեն։ Իսկ կառավարիչը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին՝ Բարաբբային։ Պիղատոսը նրանց ասաց. «Հապա ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Բոլորն ասացին. «Թող խաչվի՛»։ Եվ կառավարիչն ասաց. «Իսկ ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Թող խաչվի՛»։ Երբ Պիղատոսը տեսավ, որ օգուտ չկա, այլ է՛լ ավելի է խռովություն բարձրանում, ջուր վերցրեց, ձեռքերը ժողովրդի առաջ լվաց ու ասաց. «Ես այդ արդարի արյան համար մեղք չունեմ, դո՛ւք եք տեսնում»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Նրա արյունը մեզ ու մեր զավակների վրա է»։ Այդ ժամանակ նրանց համար Բարաբբային արձակեց, իսկ Հիսուսին ձաղկելուց հետո հանձնեց, որ խաչվի։ Այդ ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան ատյան, և ամբողջ զորագունդը նրա շուրջը հավաքվեց։ Նրան մերկացնելով՝ վրան մի կարմիր պատմուճան գցեցին։ Փշերից մի պսակ հյուսեցին և նրա գլխին դրեցին, մի եղեգ էլ աջ ձեռքը տվեցին։ Ապա նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ նրա վրա թքելով՝ եղեգն առնում էին ու նրա գլխին խփում։ Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին կարմիր պատմուճանը, իր զգեստները հագցրին։ Եվ նրան տարան խաչելու։