Մատթեոս 26:47-56

Մատթեոս 26:47-56 ՆՎԱԱ

Հիսուսը դեռ խոսում էր, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից ուղարկված։ Հիսուսին մատնողը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, նա է, նրա՛ն բռնեք»։ Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։ Հիսուսը նրան ասաց. «Ընկե՛ր, հանձնարարությո՛ւնդ կատարիր»։ Այդ ժամանակ մոտեցան, Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին։ Եվ ահա Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ ականջը կտրեց։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։ Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ ուղարկի։ Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե՝ այսպես պետք է լինի»։ Այդ ժամանակ Հիսուսն ամբոխին ասաց. «Սրերով ու մահակներով դուրս եք ելել ինձ բռնելու, ինչպես մի ավազակի՞։ Ամեն օր ձեզ մոտ՝ տաճարում, նստում էի և ուսուցանում, և ինձ չձերբակալեցիք։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում