Մատթեոս 26:31-75

Մատթեոս 26:31-75 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ ինձանով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն" ։ Բայց հարություն առնելուց հետո ձեզանից առաջ պիտի Գալիլեա գնամ»։ Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ քեզանով գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի»։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։ Պետրոսը նրան ասաց. «Եթե հարկ լինի քեզ հետ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև բոլոր աշակերտներն էին ասում։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում, և աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև գնամ այնտեղ աղոթեմ»։ Եվ իր հետ վերցնելով Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել ու տագնապել։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու ինձ հետ արթո՛ւն կացեք»։ Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։ Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ Դարձյալ, երկրորդ անգամ Հիսուսը գնաց, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող քո կամքը լինի»։ Եկավ և նրանց դարձյալ քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ Թողեց նրանց, նորից գնաց, երրորդ անգամ աղոթեց և նույն խոսքն ասաց։ Այդ ժամանակ աշակերտների մոտ եկավ ու նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք ու հանգստացե՛ք. ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ Վե՛ր կացեք գնանք. ահա հասավ ինձ մատնողը»։ Հիսուսը դեռ խոսում էր, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից ուղարկված։ Հիսուսին մատնողը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, նա է, նրա՛ն բռնեք»։ Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։ Հիսուսը նրան ասաց. «Ընկե՛ր, հանձնարարությո՛ւնդ կատարիր»։ Այդ ժամանակ մոտեցան, Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին։ Եվ ահա Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ ականջը կտրեց։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։ Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ ուղարկի։ Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե՝ այսպես պետք է լինի»։ Այդ ժամանակ Հիսուսն ամբոխին ասաց. «Սրերով ու մահակներով դուրս եք ելել ինձ բռնելու, ինչպես մի ավազակի՞։ Ամեն օր ձեզ մոտ՝ տաճարում, նստում էի և ուսուցանում, և ինձ չձերբակալեցիք։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։ Իսկ նրանք բռնեցին Հիսուսին, տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ դպիրներն ու ծերերն էին հավաքվել։ Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։ Քահանայապետները և ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն։ Եվ չէին գտնում, չնայած որ բազում սուտ վկաներ էին եկել։ Վերջապես երկու հոգի մոտեցան և ասացին. «Սա ասում էր. "Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում կառուցել"»։ Քահանայապետը վեր կացավ և նրան ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո դեմ ի՞նչ են վկայում»։ Հիսուսը լռում էր։ Քահանայապետը պատասխանեց ու նրան ասաց. «Կենդանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ասացիր. սակայն ասում եմ ձեզ. Այսուհետ կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և երկնքի ամպերի վրայով գալիս »։ Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստները և ասաց. «Հայհոյեց. մեզ էլ ի՞նչ վկաներ են պետք։ Ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Մահապարտ է»։ Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան. ոմանք էլ նրան ապտակեցին՝ ասելով. «Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո՛ս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։ Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին նրան մոտեցավ և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։ Նա բոլորի առաջ ուրացավ և ասաց. «Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ Երբ նա դեպի դարպասն էր գնում, նրան մի ուրիշ աղախին տեսավ ու այնտեղ գտնվողներին ասաց. «Սա նույնպես Հիսուս Նազովրեցու հետ էր»։ Եվ նա երդմամբ դարձյալ ուրացավ. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում»։ Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, քանի որ խոսվածքդ էլ է քեզ մատնում»։ Այդ ժամանակ նա սկսեց անիծել ու երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ իսկույն աքաղաղը կանչեց։ Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խոսքը. «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։