Մատթեոս 23:1-12

Մատթեոս 23:1-12 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ և ասաց. «Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք ու արե՛ք, բայց նրանց գործերի պե՛ս մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում։ Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք։ Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում. իրենց գրապանակներն են լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում։ Սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ, ժողովարաններում՝ առաջին աթոռները, հրապարակներում՝ բարևները և մարդկանց կողմից "Ռա՛բբի, Ռա՛բբի" կոչվելը։ Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ "Ռաբբի" կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ "Հայր" մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է։ Ոչ էլ "ուսուցիչներ" կոչվեք, որովհետև ձեր Ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը։ Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի։ Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի։