Մատթեոս 22:23-46

Մատթեոս 22:23-46 ՆՎԱԱ

Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. "Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար զավակ բերի" ։ Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ ու մեռավ և որովհետև զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։ Նույն կերպ էլ երկրորդ եղբայրը, երրորդը..., մինչև յոթերորդը։ Բոլորից հետո նաև կինը մեռավ։ Ուրեմն հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։ Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։ Որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում։ Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը. "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը" ։ Աստված մեռածների՛ Աստվածը չէ, այլ ողջերի»։ Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր նրա ուսուցման վրա։ Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին։ Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով" ։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ" ։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։ Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։ Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան "Տեր" է կոչում՝ ասելով. "Տերն իմ Տիրոջն ասաց. Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ" ։ Արդ, եթե Դավիթը նրան "Տեր" է կոչում, ինչպե՞ս է Քրիստոսը նրա որդին»։ Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում