Մատթեոս 21:1-17

Մատթեոս 21:1-17 ՆՎԱԱ

Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց և նրանց ասաց. «Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, քուռակն էլ հետը։ Արձակե՛ք, ինձ մո՛տ բերեք։ Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասե՛ք, որ դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն դրանք կուղարկի»։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը. «Սիոնի դստերն ասե՛ք. "Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝ հեզ, էշին ու քուռակին հեծած" »։ Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց։ Էշն ու քուռակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Հիսուսը դրանց վրա նստեց։ Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն , օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը . օվսաննա՜ Բարձրյալին»։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։ Եվ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։ Հիսուսը մտավ Աստծու տաճարը և վռնդեց տաճարից բոլոր առք ու վաճառք անողներին, ավերեց լումայափոխների սեղանները և աղավնեվաճառների աթոռները։ Եվ ասաց նրանց. «Գրված է. "Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի" , իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր, և նա բժշկեց նրանց։ Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան նրա կատարած հրաշքները և երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին. «Օվսաննա՜ Դավթի Որդուն», բարկացան։ Եվ նրան ասացին. «Լսո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Հիսուսը նրանց ասաց. «Այո՛, դուք երբևէ չե՞ք կարդացել. "Մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր" »։ Եվ թողնելով նրանց՝ գնաց քաղաքից դուրս՝ Բեթանիա, և գիշերն այնտեղ մնաց։