Մատթեոս 20:20-28

Մատթեոս 20:20-28 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրն իր որդիների հետ, երկրպագեց ու նրանից մի բան խնդրեց։ Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինը նրան ասաց. «Ասա՛, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն. մեկը՝ քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին. «Կարող ենք»։ Հիսուսն ասաց նրանց. «Իմ բաժակը խմելու եք և այն մկրտությամբ, որով ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը ե՛ս չեմ տալիս. դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է իմ Հոր կողմից»։ Երբ մյուս տասը լսեցին, զայրացան երկու եղբայրների վրա։ Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ առաջնորդները տիրում են ազգերին, և իշխանավորները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, և ձեզանից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի և շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա»։