Մատթեոս 20:1-16

Մատթեոս 20:1-16 ՆՎԱԱ

«Երկնքի արքայությունը նման է մի տանուտեր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։ Եվ մշակների հետ օրավարձը մեկ դինար համաձայնության գալուց հետո նրանց իր այգին ուղարկեց։ Երրորդ ժամին մոտ դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որ հրապարակում անգործ կանգնել էին։ Նրանց էլ ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, ձեզ կտամ"։ Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդ ժամերին դարձյալ դուրս ելնելով՝ նույն բանն արեց։ Տասնմեկերորդ ժամին մոտ ևս դուրս ելնելով՝ գտավ ուրիշների՝ անգործ կանգնած, և նրանց հարցրեց. "Ինչո՞ւ եք ամբողջ օրն անգործ կանգնել այստեղ"։ Նրան պատասխանեցին. "Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց"։ Նրանց ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, կստանաք"։ Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. "Կանչի՛ր մշակներին ու տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները"։ Ովքեր տասնմեկերորդ ժամին էին վարձվել, եկան և մեկական դինար ստացան։ Եկան նաև առաջին ժամին վարձվածները և կարծում էին, թե ավելին կստանան, սակայն նրանք էլ մեկական դինար ստացան։ Բայց երբ ստացան, տանտիրոջը տրտնջացին ու ասացին. "Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունն ու շոգը տարանք"։ Նա նրանցից մեկին պատասխանեց ու ասաց. "Ընկե՛ր, ես քեզ չեմ զրկում. չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր։ Վերցրո՛ւ քոնը ու գնա՛։ Ես ուզում եմ այս վերջինին ևս վճարել այնքան, որքան քեզ։ Մի՞թե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ. թե՞ գուցե նախանձում ես, որ ես բարի եմ"։ Այսպես էլ վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները՝ վերջիններ»։

Մատթեոս 20:1-16 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր